Երեկ՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 46 խումբը կլինիկական մահ ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարոթյան ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն ՄԻքայելյանի գլխավորությամբ: 
Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:  
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 12-ամյա Գոռ Ա.-ն է, ով տեղափոխվել է «կլինիկական մահ» ախտորոշմամբ և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրում էլ գրանցվել է նրա կենսաբանական մահը: 
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել