
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասնյակ անդամներ, Հայոց ցեղասպանության 110րդ տարելիցի առթիվ, համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին և ամերիկահայ համայնքին՝ հանդես գալով հրապարակային հայտարարություններով, համայնքային հանդիպումներով և սոցիալական ցանցերում կատարված գրառումներով: Կոնգրեսականները ոչ միայն վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ու արդարության հաստատման պայքարում, այլև պատասխանատվություն են պահանջել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումների համար և կարևորել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։ Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:
Վաշինգտոնից՝ Կոնգրեսի բարձքունքից մինչև ԱՄՆ տարբեր համայնքներ, տասնյակ օրենսդիրներ բարձրացրել են իրենց ձայնը՝ հիշատակելով ցեղասպանության զոհ դարձախ 1.5 միլիոն հայերին։ Հիշատակի այս ձեռնարկները հզոր հակազդում էին Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական ժխտողականությանը և ագրեսիային՝ միաժամանակ նպաստելով կոնկրետ քաղաքական քայլերի իրականացմանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։
«Կոնգրեսի անդամները ցուցաբերել են բացառիկ առաջնորդություն՝ ինչպես Հայոց ցեղասպանության հիշատակը ոգեկոչելու, այնպես էլ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումների համար պատասխանատվություն պահանջելու հարցերում,» - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝հավելելով․«Նրանց սկզբունքային դիրքորոշումը զորացնում է ցեղասպանության կանխարգելման գործը, խթանում է կոնկրետ քաղաքական քայլեր Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ և հզոր օրինակ է ծառայում ապագա սերունդների համար։ Այսօր մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է Կոնգրեսի այս առաջնորդությունը, հատկապես երբ Սպիտակ տունը հետ է կանգնում այս հանցագործության պատշաճ ճանաչումից»։
Բազմաթիվ կոնգրեսական առաջնորդներ իրենց դժգոհությունն են արտահայտել նախագահ Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը պատշաճ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է ակտիվորեն գործել՝ աջակցելու այն օրենսդրական նախաձեռնություններին, որոնք արգելափակում են ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ուժեղացնում ԱՄՆ-Հայաստան անվտանգության համագործակցությունը և Թուրքիայից պահանջում են պատասխանատվություն՝ Հայոց ցեղասպանությունը շարունակաբար ժխտելու համար։ Ամերիկահայերը կարող են այցելել anca.org/action կայք՝ նամակներ ուղարկելու իրենց շրջանները ներկայացնող կոնգրեսականներին, հորդորելով շարունակել աջակցությունը Հայաստանին և Արցախին՝ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի դիմաց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: