Բոլոր այն անձինք, ովքեր հետեւում են ԵՄ-Հայաստան հարաբերություններին, նկատած կլինեն, որ վերջին 1-2 ամսում նոր տերմին է շրջանառվում՝ EU-Armenia Partnership Agenda, թարգմանաբար` ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգ։ Հայերեն տարբերակը դեռ այնքան էլ չի շրջանառվել, որ ծանոթ թվա, բայց անգլերեն EU-Armenia Partnership Agenda-ի մասին նշվում է արդեն համարյա ամեն քայլափոխի։ Եթե ճիշտ եմ հիշում` առաջին անգամ այդ տերմինը հնչեց փետրվարին, ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի նիստում, որի արդյունքներով համատեղ հայտարարություն տարածվեց, եւ կարծես առաջին անգամ խոսվեց այն մասին, որ ԵՄ-ն եւ Հայաստանը համաձայնել են աշխատանքներ սկսել նոր EU-Armenia Partnership Agenda-ի ուղղությամբ։

Հայտարարությունում ասվում էր, որ այդ Գործընկերության օրակարգը բոլոր ուղղություններով համագործակցության նոր, ավելի հավակնոտ առաջնահերթություններ կսահմանի։ Սակայն հայտարարությունից եւ հետագա արծարծումներից առանձնապես չի հասկացվում, թե ինչ է այս Գործընկերության օրակարգը։ Սա, այսպես ասած, «հովանոցային» կամ ընդհանրական անվանումն է այն քայլերի, գործողությունների, որ նախատեսվում է կատարել առաջիկայում՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունը խորացնելու ուղղությա՞մբ, թե՞ փաստաթուղթ է, որ նախատեսվում է առաջիկայում կազմել, ստորագրել ՀՀ-ԵՄ-ի միջեւ՝ երկկողմ  հարաբերությունները CEPA-ի (Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի) մակարդակից վեր բարձրացնելու եւ կոնկրետ ուղղություններով խորացնելու համար։ 

Այսինքն, կա ավանումը՝ EU-Armenia Partnership Agenda, սակայն առայժմ անհասկանալի են դրա բնույթը եւ բովանդակությունը։ Հետեւաբար, փոքրիշատե հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը, հարց ուղարկեցինք Հայաստանում ԵՄ պատվիրակություն՝ խնդրելով պատասխանել. «Ի՞նչ է իրենից ներկայացնում ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգը։ Արդյո՞ք սա նոր փաստաթուղթ է, որ գծելու է ապագա երկկողմ համագործակցության շրջանակը։ Այն ի՞նչ փոխկապակցության մեջ է CEPA-ի եւ AA-ի (Ասոցացման համաձայնագրի) հետ»:

Հայաստանում ԵՄ պատվիրակությունից ստացվեց պատասխան․ «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական հունով. մենք հանձնառու ենք հետայսու ավելի ամրապնդել եւ խորացնել այս գործընկերությունը՝ շոշափելի  արդյունքներ արձանագրելով նաեւ քաղաքացիների համար։ 2023-ի նոյեմբերին Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության եւ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ ուսումնասիրելու ԵՄ-Հայաստան հարաբերությունները բոլոր ուղղություններվ խորացնելու եւ ամրապնդելու հնարավորությունները, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը, որը տեղի ունեցավ 2024-ի  փետրվարին, հաստատեց ԵՄ-ի եւ Հայաստանի փոխադարձ շահագրգռվածությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու եւ խորացնելու ընդհանուր արժեքների վրա հիմնված իրենց հարաբերությունները։ Այս նպատակով կողմերը համաձայնել են սկսել աշխատանքը նոր ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգի վրա՝ սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ՝ բոլոր ուղղություններով համագործակցության համար: Գործընկերության խորհուրդը վերանայել է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման ընթացքը: Նոր Գործընկերության օրակարգի մասին որոշումը զորեղ ազդանշան կլինի առ այն, որ մենք փոխադարձաբար շահագրգռված ենք երկկողմ հարաբերություններում նոր ռազմավարական փուլի անցնելու, որը կտրամադրի հստակ ճանապարհային քարտեզ եւ տեսլական ապագայի համար: Միեւնույն ժամանակ, CEPA համաձայնագիրը շարունակում է մնալ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորող հիմնական փաստաթուղթը»։

Այսպիսով կարող ենք ասել, որ, մեծ հավանականությամբ, համագործակցության նոր փաստաթուղթ է նախապատրաստվում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ։ Հուսանք՝ այդ փաստաթուղթը Հայաստանի համար ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակի շնորհման եւ անդամակցության բանակցությունների մեկնարկի ճանապարհային քարտեզը կհաստատի եւ դրան հասնելու անհրաժեշտ քայլերն ու փուլերը կնախանշի։ Եվ դատելով նրանից, որ Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների նախաշեմին է փաստաթղթի թեման բացվել, սպասելի է, որ գործընթացը կընթանա եւ ավարտին կհասնի ԵՄ ներկա իշխանությունների՝ ԵՄ հանձնաժողով եւ այլն, իրավասությունների ավարտից առաջ, այսինքն՝ մինչեւ ընթացիկ տարվա աշուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել