Մենք գուցե շոշափելիորեն չենք նկատում, բայց Հայաստանում քաղաքացիական պատերազմ է։
Հոգևոր֊քաղաքակրթական արյունալի պատերազմ։ Բարիկադավորվել են իրարամերժ և հակոտնյա ուժերը և պատրաստ են հաշվեհարդար տեսնել, վրեժ լուծել միմյանցից։
Հանուն սեփական գաղափարների ճշմարտացիության, որոշ դեպքերում` խեղված պատկերացումների և կեղծ եսի կերակրման` պատրաստ են հոշոտելու դիմացինի համոզմունքը, թաղել նրա դավանած արժեքները։
Մի խոսքով ներհայկական խաչակրաց արշավանք է։
Միմյանց դեմ եմ գնդերով դուրս եկել նախկինները և ներկաները, գալիքներն ու անհայտները,
Բարիկադավորվել են համոզված ռուսամոլները և երդվյալ արևմտամոլները և այս խորտակվող նավը փորձում են ափ դուրս բերել և փրկվել փոխզիջումային հայամետները։
Մրցավազքի են դուրս ելել կեղծ պետականապաշտները և կենացային հայրենասերները։ Այս հրմշտոցից փորձում են դուրս գալ ողջամիտ հայրենատերները։ Արարատ ու Արագած, դրոշ ու հիմն խառնվել են իրար։
Ակտիվացել են աղանդակերպ, հոսանքները, քաղաքական հեքիմները և սնխչիները, որոնք ձեռնոց են նետել ռացիոնալ փորձագետներին։
Հույսի վաճառականները և պայծառատեսները մի կողմից մյուս կողմից կործանման սցենարներ ուրվագծող հոռետեսները իրար են բախվել։ Առաջինների դեպքում "Քրիստոսը ահա իր զորքով հասնում է Հայաստան", երկրորդները` խորը հողում արդեն թաղել են հույսի վերջին նշանները և գաղափարապես կործանել բոլորին։
Մի խոսքով պատերազմ է բոլորը բոլորի դեմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել