ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդուն՝ Հանթեր Բայդենին, մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու 9 կետով։ Այս մասին ասվում է Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի շրջանային դատարանում ստացված մեղադրական եզրակացության մեջ։

«Ամբաստանյալը ներգրավված է եղել չորսամյա սխեմայում՝ խուսափելու առնվազն 1,4 միլիոն դոլար դաշնային հարկերից, որոնք նա պարտավոր էր վճարել 2016-ից 2019 թվականների հարկային տարիների ընթացքում», - ասվում է փաստաթղթում:

ԱՄՆ նախագահի որդուն նաև մեղադրում են կեղծ հարկային հայտարարագրեր ներկայացնելու համար։ Fox News-ի տվյալներով՝ նրան կարող է սպառնալ 17 տարվա ազատազրկում։

Հատուկ դատախազ Դեյվիդ Վայսը պնդում է, որ Հանթեր Բայդենը միլիոնավոր դոլարներ է ծախսել «շռայլ ապրելակերպի վրա՝ հարկեր վճարելու փոխարեն»:

«Ամբաստանյալը 2016 թվականին ծախսել է մոտ 1 միլիոն դոլար, 2017 թվականին՝ 1,4 միլիոն դոլար, 2018 թվականին՝ 1,8 միլիոն դոլար, 2019 թվականին՝ 600 հազար դոլար: 2020 թվականի հունվարից հոկտեմբերի 15-ը ամբաստանյալը ստացել է ավելի քան 1,2 միլիոն դոլար ֆինանսական աջակցություն, որը ծախսվել է տարբեր անձնական միջոցների վրա։ 2016 թվականից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը ամբաստանյալը այս գումարը ծախսել է թմրանյութերի, էսկորտ ծառայությունների, իր ընկերուհիների, շքեղ հյուրանոցների, վարձակալության, հազվագյուտ մեքենաների, հագուստի և այլ անձնական իրերի, այսինքն՝ ամեն ինչի վրա, բացի հարկերից»,- ասվում է փաստաթղթում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել