ՌԴ իշխանությունները ցանկանում են երկիր մուտք գործող օտարերկրացիներին պարտավորեցնել՝ չվիրավորել իշխանություններին ու ԼԳԲՏ համայնքի քարոզչություն չանել։ Նման օրինագիծ է պատրաստել ՌԴ ՆԳՆ-ն: Այս մասին գրում է News.ru-ն:

Մասնավորապես, 2021 թվականից մշակվող փաստաթուղթը ներկայացնում է այսպես կոչված «հավատարմության համաձայնագրի» հայեցակարգ, որը, ինչպես պնդում է գերատեսչությունը, այլ պետությունների քաղաքացիները պետք է ստորագրեն Ռուսաստանի սահմանը հատելիս։

Օրինագծի տեքստի համաձայն՝ օտարերկրացիներին կարգելվի՝

- վարկաբեկել Ռուսաստանի Դաշնության արտաքին և ներքին պետական քաղաքականությունը, պետական իշխանությունների և նրանց պաշտոնյաների աշխատանքը,

- տարածել տեղեկատվություն, որը հերքում կամ կասկածի տակ է դնում ընտանեկան արժեքները, ինչպես նաև այն փաստը, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միություն է,

- քարոզել ոչ ավանդական սեռական հարաբերություններ,

- խեղաթյուրել պատմական ճշմարտությունը խորհրդային ժողովրդի սխրանքի մասին Հայրենիքի պաշտպանության գործում և նրա ներդրումը ֆաշիզմի դեմ հաղթանակում:

Նաև, ինչպես ծրագրել է ՌԴ ՆԳՆ-ն, օտարերկրացիներից կպահանջվի վճարել Ռուսաստանից հնարավոր արտաքսման հետ կապված ծախսերը՝ համաձայնագրի պայմանները չկատարելու դեպքում։ Փաստաթուղթը Պետդումա ներկայացնելու ստույգ ժամկետը չի հաղորդվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել