Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքում՝ Երևանյան խճուղում, կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենա՝ վարորդի նստատեղի ոստքերի տակ, դռան վրա և դրսում՝ ասֆալտին, արնանման հետքերով:

Քիչ առաջ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1 քաղաքացի:

Տեղում ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Կարապետյանն է, ով այս պահին գտնվում է վիրաատարանում:

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, և Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել