Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեր կատարած աշխատանքի համար: Բարձր եմ գնահատում Ձեր և դեսպանատան աշխատանքը: Հայաստանը պատմականորեն շատ ջերմ հարաբերություններ ունի Հունաստանի հետ և այդ պատմության ընթացքում մենք կարողացել ենք շատ լավ ճանաչել միմյանց: Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության և մարդասիրական վերաբերմունքի համար, որ միշտ ստանում ենք Ձեր երկրից: Բարեկամներն ու ընկերները փորձությունների ժամանակ պետք է լինեն միմյանց կողքին և մենք դա բարձր ենք գնահատում»:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերված բարյացկամ վերաբերմունքի համար: «Իմ պաշտոնավարման այս չորս տարիների ընթացքում միշտ զգացել եմ ձեր բարեկամական և ջերմ վերաբերմունքը»,- նշել է նա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա սերտ հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Հունաստանի արդյունավետ փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական կրթության և այլ ոլորտներում ինչպես նաև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության խթանման ուղղված ջանքերը: Ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում փոխշահավետ համագործակցության կարևորությունը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը հավատարիմ է կայուն և հարատև խաղաղության հաստատման ու հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու իր դիրքորոշմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել