Մյանմայում զինվորականների կողմից դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ 8 երեխա։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Չին նահանգի Վուիլու գյուղի բնակիչներին։

Գյուղացիները հայտնել են, որ Վուիլուում զինվորականների կողմից ռմբակոծությունը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ի երեկոյան, երբ գյուղի վրա է նետվել առնվազն 2 ռումբ։ Դրանցից մեկն ավերել է տունը, որն օգտագործվում էր որպես դպրոց՝ սպանելով այնտեղ սովորող 8 երեխաների և 3 չափահասի։ Ռումբերը վնասել են նաև մի քանի այլ շենքեր և գյուղի երկու եկեղեցիները։

Մյանմայում զինված խմբերը պայքարում են զինվորական խունտայի դեմ, որն ընտրված կառավարությունից 2021 թվականին խլեց իշխանությունը։ Չին նահանգը խունտայի դեմ դիմադրության հենակետն է։

BBC-ն նշում է, որ այս շաբաթ Չին նահանգում զինյալները վերահսկողության տակ են վերցրել Հնդկաստանի հետ սահմանին գտնվող Ռիկհավդար քաղաքը։ Սակայն ըստ տեղացիների՝ ռմբակոծված Վիուլու գյուղում ապստամբներ չեն եղել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն օրերս լուրջ մտահոգություն է հայտնել Մյանմայում հակամարտության սրացման առնչությամբ․ երկրում 2 միլիոն մարդ բախումների պատճառով տեղահանվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել