168.am-ը գրում է.

Ազգությամբ հրեա լրագրող, հասարակական գործիչ, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Հանրային հեռուստաընկերության եթերում տեղեկացրել է, որ Եվրոպական դատարանը դեռևս 2.5 տարի առաջ է Ադրբեջանին պարտավորեցրել իրեն վճարել 30 000 եվրո՝ ապօրինի ձերբակալության, Բաքվի բանտում խոշտանգումների, հակասեմիտիզմի ու սպանության փորձի համար:

«Դա Ալիևի ռեժիմի իմիջային ձախողումն էր: Նրանք հավանաբար դրան չէին սպասում, որովհետև ես տեղեկություն ունեմ, որ Ադրբեջանը լուրջ փորձեր է արել ԵԽ-ում որոշումներ կայացնողներին կերակրել կասպյան խավիարով: Հավանաբար դա կաշխատեր, եթե չլիներ իմ՝ որպես Իսրայելի քաղաքացու գործոնը»,- ասել է Լապշինը:

Նրա խոսքով՝ 30 000 եվրոն բացարձակ սիմվոլիկ գումար է:

«Ես հաշվեհամար բացեցի «Արցախբանկում»: Իհարկե, կարող էի հաշվեհամար բացել այլ բանկում, սակայն մտածեցի, որ շատ խորհրդանշական կլինի, եթե ես այդ հաշվեհամարը բացեմ հենց «Արցախբանկում»: Նախ՝ դա ապտակ է հենց անձամբ նախագահ Ալիևին, ով ինձ ձերբակալել էր հենց Արցախ այցելելու համար: Ստացվում է՝ Արցախի համար ձերբակալել է, Արցախով էլ վճարելու է»,- ասել է Ալեքսանդր Լապշինը:

Վերջինս նշել է, որ իր համար ավելի կարևոր էր Ալիևին ապտակ հասցնելը, քան այդ գումարը ստանալը:

«Ըստ էության նա այդ ապտակը ստացավ: Հիմա իրավիճակը հետևյալն է. նրանք այդ գումարը չեն վճարի, քանի որ ես այն պահանջում եմ փոխանցել «Արցախբանկով», մյուս կողմից՝ նրանք հայտնվում են այն երկրների շարքում, որոնք  չեն կատարում ԵԽ-ի առաջ ունեցած իրենց պարտավորությունները: Ու հիմա շաբաթներ անց՝ կարծես թե դեկտեմբերի 7-ին, ԵԽ-ում լսումներ են նշանակված Ադրբեջանի կողմից իմ գործով իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ»: Մեծ հաշվով ինձ հենց դա էլ պետք էր, որ Ադրբեջանը հայտնվի Եվրոպայի խորհրդի դատապարտման տակ: Ես գիտեմ, որ այդ գումարը չեմ ստանա: Համարենք, որ դա իմ նվերն էր Ալիևին, որի դիմաց նա վաճառեց իր պատիվը»,- ասել է Ալեքսանդր Լապշինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել