Ջրային պարեկներն այս օրերին, կարելի է ասել, վերջին դասընթացներն են իրականացնում հենց Սևանա լճում։ Շուտով ծառայությունը կսկսի գործել։
Նոյեմբերի 15-ին դասընթացներին հետևում էին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հավթվանին, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։
Ողջունելով ջրային պարեկներին՝ փոխնախարար Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ստորաբաժանումը, համագործակցելով մյուս գերատեսչությունների և ստորաբաժանումների հետ, բարձրորակ ծառայություն կիրականացնի հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։ Նա ստորաբաժանման ձևավորմանը աջակցելու համար շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին։
Պարեկային ծառայության մասնագիտական ստորաբաժանման ծառայողների հետ Սևանա լճում դասընթացներ են իրականացնում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչները։
Նավավարման հմտություններ, անձնական և նավի անվտանգություն, ջրի վրա կասկածյալների հետ աշխատանք, առաջին օգնություն. սրանք դասընթացների միայն մի մասն են, որոնք անցնում են ապագա ջրային պարեկները։ Զուգահեռ իրականացվում են նաև տեսական պարապմունքներ, որոնք անցկացնում են «Սևան» ազգային պարկի, ՆԳՆ փրկարար ծառայության, կրթահամալիրի և պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ներկայացուցիչները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել