Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների երաշխիքների բաղադրիչի  և այն բանակցությունների ժամանակ օգտագործելու հնարավորության մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Խանդանյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը կտրվել է իր տնից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով և հիմա բռնի տեղահանվել է Հայաստանի Հանրապետություն։

«Մեր խնդիրն է այդ մարդկանց իրավունքները, անվտանգությունը և սոցիալական կարիքները երաշխավորել»,-ասաց Խանդանյանը։

Հարցին, թե արդյոք դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների երաշխիքների ապահովման բաղադրիչը հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանից, Խանդանյանը պատասխանեց, որ նեկայումս չի կարող ասել այն դուրս է եկել, թե ՞ոչ։

«Պետք է ռեալ գնահատել ներկա իրավիճակը։ Դա նաև կախված է մեր հայրենակիցների կամքից՝ արդյոք նրանք պատրաստ են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Երաշխիքների մասին խոսել ենք և կոչ ենք արել Ադրբեջանին և միջազգային հանրությանը, միջազգային հանրությունը ևս կոչ է արել Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի հայերին նստել սեղանին շուրջ և խոսել այդ մասին, բայց, ցավոք, միջազգային մեխանիզմներ չստեղծվեցին և հիմա պետք է գնահատել, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը պետք է բանակցային ռեսուրս ծախսի և շարունակի դրա վրա ֆիքսվել, թե՞ ոչ։ Ամեն դեպքում դա առաջին հերթին կախված է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների կամքից և ցանկությունից։ Մենք այս ուղղությամբ պետք է աշխատանք կատարենք»,-նշեց Խանդանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ամեն ինչ իր կողմից արել է և բանակցություններում հավատարիմ է եղել այն սկզբունքներին, որոնց մասին ի սկզբանե հայտարարել է։

«Ադրբեջանի ագրեսիան և Ադրբեջանի նկատմամբ ոչ բավարար ճնշումը մեզ բերել է այս իրավիճակին»,-եզրափակեց Խանդանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել