«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դերասան, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս վերադարձել է Հայաստան եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման հանգել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարությանը երկար մտորումներից հետո վերջնական որոշում է կայացրել ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Մեր աղբյուրները տեղեկացրին, որ Մարությանը, մերժումներ ստանալով ՀԱԿ-ի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կողմից, որոշել է դիմել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանին: Վերջինս համաձայնել է, եւ սեպտեմբերի 17-ին Երեւանի նախկին քաղաքապետը կրկին կփորձի իր ուժերը Երեւանի ավագանու ընտրություններին:

Տեղեկացանք նաեւ, որ Մարությանն առաջիկայում կհանդիպի թիմակիցների հետ ու կհայտնի իր այս որոշման մասին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Մարությանը դժվար է վերջնական որոշում կայացրել. սկզբում մտերիմներին ասել է, որ իրեն դերասանի մասնագիտությունն ավելի հարազատ է, չի ցանկանում վերադառնալ քաղաքապետարան, բայց մտափոխվել է:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց տեղեկությունը ճշտել հենց Հայկ Մարությանից, բայց նրան գրված մեր նամակները եւ արված հեռախոսազանգերը դեռ անպատասխան են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել