168.am-ը գրում է.

Այսօր խորհրդարանում լրագրողները Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ իր տեղակալ Տիգրան Ավինյանը չի եկել ԱԺ բյուջեի կատարողականը ներկայացնելու, քանի որ գրեթե բոլոր տեղերում նա է իրականացնում քաղաքապետի գործառույթները։

«Քաղաքապետի պաշտոնակատարը ես եմ, ինչպես նկատեցիք` Երևան քաղաքը և մնացած մարզերը ներկայացված են եղել մարզպետի մակարդակով, ես՝ որպես քաղաքապետի պաշտոնակատար, ներկայացել եմ ԱԺ՝ բյուջեի կատարողականը ներկայացնելու համար»,- նշեց Լևոն Հովհաննիսյանը։

Նա նաև անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ երկուշաբթի օրերին գործակարգավարական նիստերն ինքը չի վարում։

«Գործակարգավարական նիստերի վարումը և առհասարակ դրանց անցկացման ձևաչափը՝ մեր ներքին որոշումն է, և աշխատանքն այնպես ենք բաշխել, որպեսզի մեզ հարմար լինի։ Այստեղ որևէ պետական կառույցի զեկույց ներկայացնելու մասին խոսք չի գնում, աշխատանքն այդպես ենք բաշխել, պարոն Ավինյանն է վարում այդ նիստերը»,- հավելեց քաղաքապետի պաշտոնակատարը։

Ինչ վերաբերում է «Կորեայի ձոր» կոչվող հատվածում աղբի կուտակման խնդրին, Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ այս խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է։

«Պարբերաբար հայտնաբերում ենք իրավախախտ տնտեսվարողների, որոնք մեր այսքան հորդորներից, տուգանքներ սահմանելուց հետո, պարբերաբար որոշում են այնտեղ շինարարական աղբ թափել։ Հայտնաբերում ենք նրանց, տուգանում ենք, կրկին ու կրկին պրոֆիլակտիկ աշխատանք ենք տանում նրանց հետ»,- ընդգծեց նա։

Իսկ երբ լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես են բաշխել աշխատանքները, որ բոլոր «փիառվելու» վայրերում Տիգրան Ավինյանն է, այդ թվում՝ կառավարության նիստերին, Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց, թե հարցի բովանդակությունը չի հասկանում։

«Պարոն Ավինյանը 2018 թվականից մինչև 2022 թվականը եղել է փոխվարչապետ։ Սա նշանակում է, որ պարոն Ավինյանը շատ լավ տիրապետում է և գիտի ՀՀ կառավարության աշխատանքը, մասնավորապես՝ ֆինանսական ոլորտի վերաբերյալ։ Այս աշխատանքը կարող է անել արդյունավետ և անում է  արդյունավետ, որովհետև կան հստակ արդյունքներ, այդ պատճառով էլ մենք նպատակահարմար ենք գտնում, որ պարոն Ավինյանը լինի կառավարության նիստերին»,- նշեց նա։

Միաժամանակ նա ասաց, որ Տիգրան Ավինյանի ակտիվությունը նախընտրական քարոզարշավ չի համարում, այլ ընթացիկ աշխատանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել