Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, սա մեր համոզմունքն է ու սա մեր ռազմավարությունն է։

Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Դա ամենևին էլ հանգամանքների բերումով պատահականության արդյունք չէ, սա գիտակցված քաղաքական կուրս է, որը ՀՀ կառավարությունը և ժողովուրդը վարում են։ Այս իմաստով պետք է ընդգծեմ նաև, որ սրանից բխող շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ  դեռ ընթացքի մեջ են, որոնք իրենց հետ պետք է բերեն մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, հակակոռուպցիոն քաղաքականության  ավելի բարձր մակարդակ։ Այն տնտեսական աճը, որ մենք ունենք, նաև տնտեսական ազատությունների արդյունք է, որովհետև եթե տնտեսությունը կառավարելի լիներ պետության կողմից, կարծում եմ, որ հատկապես հետպատերազմական շրջանում մենք շատ լուրջ պրոբլեմներ կոնենայինք, բայց քանի որ այդ ազատությունները հասել են տնտեսական մակարդակ, այդ ազատությունը ամենադժվար վճռական պահին եկավ մեզ օգնության»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում ժողովրդավարությանը սպառնացող բոլոր հնարավոր վտանգները արտաքին են և դրանք բոլորին տեսանելի են․

«Կարևոր է, որ մենք ի վիճակի լինենք միասին ապացուցել և պատասխանել թերևս այսօր Հայաստանում  ամենախիտ ու ամենաթանձր հարցին՝ արդյոք ժողովրդավարությունը ի վիճակի է նաև ապահովել անվտանգություն։ Այս հարցի դրական պատասխանին մենք հավատում ենք , բայց դա դեռ պետք է ապացուցել։ Հույս ունեմ, որ ժողովրդավարությունը հարակից  աջակցող բրենդներ կունենա, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը  և խաղաղությունը։ Մեր խնդիրը հետևյալն է, որ ազատության և ժողովրդավարության պայմաններում մարդը  լինի բարեկեցիկ, պաշտպանված  երջանիկ ու կարողանա զբաղվել իր սիրած գործով»,- ասցա Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել