ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։
Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է կառույցի գործունեության առաջնահերթությունները, անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերին։ Պաշտպանն ընդգծել է իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի հաստատակամությունը:
Անահիտ Մանասյանը դեսպանին տեղեկացրել է ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների երաշխավորման, վերջիններիս վերադարձի ապահովման հրատապությանը վերաբերելի հարցերին։
Քննարկման առանցքային թեմաներից էր Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ համակարգում» ծրագիրը, որի իրականացման վերաբերյալ հուշագիրը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջև ստորագրվել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։
Ծրագրի նպատակն է հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և օրենսդրական փոփոխությունների առաջարկման միջոցով խթանել գենդերային հավասարությունը Հայաստանի իրավապահ համակարգում, այդ թվում՝ նպաստելով ՀՀ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության ընդլայնմանը։ Պաշտպանը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցել համատեղ ծրագրի հաջող ընթացքին։
Դեսպան Ջոն Գալագերն էլ իր հերթին՝ շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման առթիվ, պատրաստակամություն է հայտնել շարունակել ակտիվ փոխգործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Նա նաև ներկայացրել է դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի փաթեթը։
Ձեռք է բերվել արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովման վերաբերյալ պայմանավորվածություն։