ArmDay.am կայքում, 26.04.23թ. աչքովս ընկավ ազգային ժողովի երեսփոխան՝ Էմմա Պալյանի տավտալոգիան (կրկնաբանությունը), փոքր- ինչ այլ շարադրմամբ:
Տիկնոջը հակադարձելու, ինչ-որ բան բացատրելու ցանկություն, տրամադրություն բնավ չունեի, եթե չլիներ հետեւյալը…
Մեջբերում եմ.
« Աջապահյանի քաղաքական խոսքին ես իմ սեփական նախաձեռնությամբ եմ անդրադարձել ու, ասեմ ավելին, էլի եմ անդրադառնալու, եթե հարկ լինի, ինձ ձեր սպառնալիքները չեն լռեցնելու, սրա մասին ԱԺ ամբիոնից էլ եմ ասել ու հիմա էլ կրկնում եմ, այնպես որ ձեր էներգիան այլ տեղում պարպեք:
Բայց ամենազավեշտալին այն է, որ մի քանի գյումրեցի՝ հայտնի《ընդդիմադիր -ակտիվիստներ》արդեն 2 օր է փորձում են ինձ լռեցնելու տարբերակներ գտնել։ Չի ստացվելու, չի ստացվելու ու էլի չի ստացվելու, ես սա ասում եմ ձեզ` նախ որպես ՀՀ քաղաքացի, հետո նոր որպես ԱԺ պատգամավոր, չեմ լռելու ոչ մի պարագայում։»
Մեկ այլ միտք.
« Մեկ էլ շատ խոսվեց այն մասն, թե ես եկեղեցականին ինչու եմ 《պարոն》-ով դիմել, ոմանք փորձեցին դա չիմացություն համարել, ոմանք էլ՝ մեծ մեղք: Հարգելիներս, ես շատ լավ գիտեմ, թե ինչպես են դիմում հոգևորականին, իսկ Շիրակի թեմի առաջնորդին հատուկ եմ 《պարոն》-ով դիմել՝ քանի որ վերջինս մինչ այս պահն իրեն ավելի շատ 《պարոն》-ին է վայել պահում, քան թե հոգևորականին` ինչին էլ հենց ուղղված էր իմ ելույթը: Հիմա ամենակարևորի մասին` երեկվա ելույթիցս հետո հազարավոր շնորհակալական խոսքեր եմ ստացել, հազարավոր մարդիկ ինձ ասում են, որ ես իրենց մտածածն ու զգացածն եմ ասել ԱԺ ամբիոնից, հիմա ի՞նչ, էդ հազարավոր մարդկանց էլ եք գտնելու ու փորձեք լռեցնել՞... »

Սույն տիկնոջ, ազգային ժողովի ամբիոնից արտաբերածը՝ կես կատակ, կես լուրջ ընդունվեց շատերի կողմից, քանզի այն ցածրորակ եւ ոչինչ չասող ջղաձիգ ելույթ էր, առավելապես շուտասելուկ հիշեցնող, քան բովանդակություն պարունակող բազմաբարդ միտք… Բայց բանից պարզվեց, որ տիկինը ոչ միայն չի զղջում իր կողմից դուրս տրված անհեթեթ, էթիկայի բոլոր նորմերը խախտած ելույթի համար, այլ հակառակը, պնդում է, որ միտումնավոր է «պարոնով» դիմել Հայ առաքելական եկեղեցու վաստակաշատ բարձրաստիճան հոգեւորականին՝ Շիրակի Թեմի Առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տեր Միքայել արքեպս. Աջապահյանին:
Լինելով Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ(հավատացյալ արտահայտչաձեւը չեմ ընդունում, պարզ պատճառով, որ միայ Աստծուն է հայտնի, թե որքանով է իմ հավատքը Տիրոջ համար ընդունելի), պարտքս եմ համարում հակադարձել սույն տիկնոջն արդեն ավելի հանգամանալից եւ ըստ էության:

Ուրեմն այսպես.
Օրենսդիր մարմինը ներկայացնող տիկի՛ն երեսփոխան, կարծեմ թե դու՛ք առավել տեղյակ պետք է լինեիք, որ ըստ ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի՝
«Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:»

Ըստ ՀՀ սահմանադրության մեկ այլ հոդվածի.
Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

ՀՀ սահմանադրության մեկ այլ հոդված ասում է նաեւ հետեւյալը.
Գ Լ ՈՒ Խ 2

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 24. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:

Հիմա հարց տիկին երեսփոխանին.
օգտագործելով ձեր զբաղեցրած պաշտոնն ու հովանավորներին, փորձու՞մ եք լռեցնե՞լ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականին, եւ խախտելով ՀՀ սահմաադրության մի քանի հոդված ստիպողաբար պարտադրել Միքայել Սրբազանին, թե ի՞նչ պետք է նա անի կամ ինչպե՞ս արտահայտվի… Լու՞րջ եք ասում:

ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքում, գոյություն ունի հոդված 3

Պատգամավորական էթիկայի կանոնների հետ առնչվող:

4. իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով.
5. չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի.
6. իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.
7. ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ.
8. հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Տիկի՛ն երեսփոխան, ցանկալի՛ եւ պարտադի՛ր է, որ վերընթերցե՛ք այս հոդվածն ամբողջությամբ, վերստին պարզելու, վերհիշելու ձեր աշխատանքային գործունեության թույլատրելի սահմաններն ըստ օրենքի:

Հասկանում եմ, որ ոչինչ չանելու դեմ, ազգային ժողովի ֆինանսների հաշվին ընտանյոք հանդերձ արտերկիր գործուղումները գտած տարբերակ է ձեր պարագային… Ռուսական մի լավ արտահայտություն կա՝ «из грязи в князи», բայց եւ այնպես, վերանայե՛ք ձեր առաջնահերթությունները, ձեր վարքն ու արտահայտություններն էլ համապատասխանեցրեք այն գերատեսչության օրենքին, որին կոչված եք ծառայելու: Մեկ էլ խոսեք այն թեմաների շուրջ, որտեղ հնարավորինս քողարկելի լինի ձեր մտքի գաճաճությունը…

Տիկին երեսփոխան, երեք օր շարունակ կրկնում եք մի միտք, որ դուք իբրեւ ՀՀ քաղաքացի եւ ոչ պատգամավոր, ըստ անհրաժեշտության ձեր ելույթներում անդրադառնալու եք Միքայել Սրբազանի ելույթներին, որն իր բովանդակությամբ հայրական հորդոր է, այլ ոչ երբեք միտված խոսք որեւէ մեկի դեմ ուղղված (որը ձեր կրած աժեհամակարգի պարագային միանշանակ ի վիճակի չեք ընկալել):
Ի դեպ, եթե ականջալուր լինեիք Միքայել Սրբազանի եւ Հայ առաքելական եկեղեցու Հոգեւոր Հայրերի օգտակար հորդորներին, մեր երկիրը չէիք հասցնի կոլապսի…

Ի՞նչ է դուրս գալիս, դուք իբրեւ ՀՀ քաղաքացի իրավունք ունեք վիրավորել, զրպարտել, պատվիրված հիստերիկ ելույթներով խցանել հայ հանրության լսողությունը, իսկ Միքայել Սրբազանը, ով այս Հայրենիքի լիիրավ, լիարժեք, եւ ամենաարժանի քաղաղաքացին է, չունի՞ իրավունք անհանգստանալ Հայրենիքի ապագայի համար, այն Հայրենիքի, որի կայացման, շենացման գործին մաս եւ բաժին ունի նաեւ նա:
Առ ի գիտություն ձեզ եւ ձեր նման անտեղյակների, այս Հայրենիքը պահել, փայփայել է մեր Սուրբ Եկեղեցին եւ հանձնել մեզ: Ասվածս գրված է նաեւ Ազգային ժողովի կայք էջի՝ ՀԱՅՈՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ էջում: Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին է եղել Հայաստանի միասնականության երաշխավորը: Նեղություն տվեք ձեր անձին եւ ընթերցեք այդ հրապարակումը, այլ ոչ աշխատանքային ժամերին սելֆիներ արեք եւ բեռնեք սոց.ցանցեր…

Ըստ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի, 3-րդ հոդվածի, Պատգամավորական էթիկայի կանոնների հետ առնչվող, 8-րդ կետում ասվում է.
8. հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

Հիմա ըստ ձեզ, դուք հարգալի՞ց վերաբերմունք եք դրսեւորել Միքայել Սրբազանի նկատմամբ: Բնականաբար ո՛չ, դրա վկան են ՀՀ քաղաքացիները ուղիղ հեռարձակմամբ : Եւս մեկ կետ՝ պատգամավորական էթիկայի կանոնների հետ առնչվող, ձեր մոտ թերի է, եթե չասել, որ կոպիտ կերպով խախտվել է...

Հաջորդ հարցս.
Ասացե՛ք խնդրեմ տիկի՛ն երեսփոխան, ո՞ր օրենքի համաձայն եք պահանջում Միքայել Սրբազանից՝ չխոսել, սխալները չվերծանել եւ չանհանգստանալ Հայաստան Պետության համար...
ՀՀ սահմանադրությունը կարծեմ թե չի արգելում, ՀՀ քաղաքացուն կարծիք ունենալ այս կամ այն թեմայի շուրջ ու բարձրաձայնել, իսկ Միքայել Սրբազանը առաջին հերթին ՀՀ քաղաքացի է, հետո նոր Հոգեւոր առաջնորդ: Հոգեւոր առաջնորդը եւս օժտված է լիուլի իրավունքներով, որպեսզի թույլ չտա Պետության կործանումը…

Երկրորդ.
երեք օր առանց դադարի թմբկահարում եք, որ ձեզ ընտրել է ժողովուրդը, անդադար ժողովորդի անունն եք հոլովում եւ շահարկում:

Եթե ժողովրդի կողմից եք ընտրված, դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր ինչու՞ էիք արգելել ժողովրդի մուտքը մինչեւ ինչ-որ սահմանված ժամ: Ինչի՞ց կամ ումի՞ց էիք վախենում:

Ինչու՞ էիք մետաղավորսիչով քջջում անմահ կրակի շուջ խոնարհած ծաղիկները…

Ինչու՞ եք Եռաբլուր պանթեոն այցելում գաղտագողի, մութ ու լուսին, ոստիկանների հոծ բազմության ուղեկցությամբ, արգելելով զոհված զինծառայողների ծնողներին այցելել իրենց զավակների շիրիմներին:

Եթե ժողովուրդն է ընտրել ձեզ, ի՞նչ պետք ունեք անվտանգության աշխատողների ուղեկցությամբ շրջել Երեւան քաղաքում եւ ՀՀ տարածքում, անմեղք մարդկանց կյանքեր խլելով…

Տիկին երեսփոխան, ժողովրդի կողմից ընտրվածը չի՛ կարող թքել այդ ժողովրդի զավակի դեմքին, անկախ նրանից տվյալ անձը ինչ է ասել կամ արել… Եւ այսպես օրինակները բազմազան են եւ անչափ տխուր… Գերադասում եմ առայժմ այսքանով սահմանափակվել…

Եւ ուրեմն տիկին երեսփոխան, չփորձե՛ք ու չհամարձակվե՛ք այլեւս Միքայել Սրբազանի անունն անհարկի բարձրաձայնել, ինչպես նաեւ ԺՈՂՈՎՐԴԻՆ ձեր մանիպուլացիայի առարկա դարձնել, քանզի այդ ԺՈՂՈՎՐԴԻ գերակշիռ մեծամասնության համբերության բաժակը հատել է թույլատրելի սահմանը, որի մեկ եւ միակ մեղավորը դու՛ք եք եւ ձեր նմանները…

Աշխատե՛ք հնարավորինս հեռու մնալ Եկեղեցու սպասավորներին ցուցումներ տալուց, անպարկեշտ դիմելաձեւերից, «ցնցուն» ելույթներից, առավելապես Ամենայն Հայոց Վեհափառին հուշել, թե նա ինչ պետք է անի եւ ինչը ոչ…

Փորձեք ապրել հնարավորինս աննկատ եւ ժուժկալ, չմոռանալով, որ դուք կարգված եք ծառայելու, ձեր իսկ կողմից անդադար շահարկվող ժողովրդի շահերին, այլ ոչ հակառակը… Իմ բարի խորհուրդը ձեզ՝ վախեցե՛ք Աստծո հետ առերեսվելուց:
Հուսամ հասկացաք, թե առակս ինչ կցուցաներ…

Հ.Գ.
Ազգային ժողովի հաշվեկշռում գրանցված ծառայողական մեքենան (որի վառելիքը ազգային ժողովի միջոցների հաշվին է) անձնական վոյաժներին ծառայեցնելու փոխարեն, վերընթերցեք 8 տողից բաղկացած ձեր կենսագրությունը, եթե ծնվելն ու ընտանեկան կարգավիճակը հանեք, կլինի 6 տող:
Դրանից անմիջապես հետո համակ ուշադրությամբ ծանոթացեք Միքայել Սրբազանի հարուստ կենսագրությանը: Համոզված եմ, որ ձեր կյանքում շատ բան կփոխվի…

Եւ մեկ էլ իրբեւ ՀՀ քաղաքացի պահանջու՛մ եմ, հրապարակել ձեր նշված հազարավոր շնորհակալություններից մինիմում 783-ը: Բայց ոչ շինծու ֆեյքերի, այլ ռեալ մարդկանց, եւ ամենայն անկեղծությամբ: Համոզված եմ, որ նման մարդիկ չկան, այլապես ձեր հրապարակումների հավանումները, ըստ ձեր ասվածի՝ հազար եւ ավելին պետք է որ լիներ…

Տիկին մի՛ ՍՏԵ՛Ք, քանզի ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի, 3-րդ հոդվածի 6-րդ կետում հստակ նշված է, որ պատգամավորը իր գործունեությամբ պետք է նպաստի Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Վերոգրյալը փորձեք պրոյեկտել ինքներդ ձեր վրա… Արդյո՞ք համապատասխանում եք օրենքի պահանջին: Կարծում եմ պատասխանն առավել քան խոսուն է:

Առայժմ այսքանը. Բարին ընդ ձեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել