«Հրապարակի» զրուցակիցը Երեւանի փոխքաղաքապետ, սպասվելիք ավագանու ընտրություններում քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանն է։ Մաս երկրորդ։ Առաջին մասը՝ այստեղ

- Երեւան քաղաքն ամենաընդդիմադիր մարզն է, այն մեթոդները, որ Հայաստանում աշխատում են, Երեւանում հաճախ չեն աշխատում, ու ՔՊ-ն ավանդաբար բոլոր քարոզարշավները տարել է նախկին-ներկա, սեւ-սպիտակ ֆորմատով։ Հիմա կարծես թե այս ընտրություններին նախկինները չեն պատրաստվում առաջադրվել, ու ձեր քարոզարշավն ինչի՞ վրա է հիմնվելու։

- Մեր քարոզարշավը լինելու է մեր ծրագրերի հիման վրա, լինելու է էն առաջարկի հիման վրա, որը մենք պետք է անենք երեւանցիներին, եւ Երեւանը հենց այնպես չէ ընդդիմադիր, Երեւանը շատ մտածող է եւ, կարծում եմ, բավականին քննադատորեն է մոտենում շատ հարցերի։ Եվ ես կարծում եմ, որ դա բնական է եւ դա միայն ՀՀ-ին չէ հատուկ, կարելի է ասել՝ բոլոր պետություններում էլ ընդդիմադիր հիմնական կենտրոնները սկսում են հիմնականում մայրաքաղաքներից, բայցեւայնպես, դա չի նշանակում, որ դա վատ է։ Ես կարծում եմ, որ մեզ դա էլ ավելի է մղում՝ ավելի հիմնավոր լինել այն ծրագրերում, որոնք մենք իրականացնում ենք, էլ ավելի մեծ ջանք թափել, որպեսզի երեւանցիներն իրապես վստահեն, որ այն աշխատանքները, որ հիմա արվում են, դրանք ուղղակի այս կարճ շրջանի աշխատանքները չեն, այլ լինելու է շատ ավելի մեծ ծավալի աշխատանք։ Ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք դա ցույց տալ, աշխատանքով ենք դա ցույց տալու, եւ նաեւ, երբ արդեն հեռանկարային ծրագրերի մասին կխոսենք, ես կարծում եմ, որ երեւանցիներն արդեն ընտրություններով իրենց գնահատականը կտան։

- Ձեզ թվում է՝ հաջողվե՞լ է ձեր աշխատանքով ընդդիմադիր զանգվածին բերել՝ իշխանական դարձնել, դարձնել ՔՊ-ի ընտրող։

- Ես առհասարակ մարդկանց բաժանումներ չեմ սիրում եւ այդտեսակ բաժանումներ երբեք չեմ արել, եւ անկախ նրանից, թե մարդ ի սկզբանե ընդդիմադիր, թե իշխանական տրամադրությունների է, ինձ համար կարեւոր է այն, որ այն ծրագիրը, որը մենք իրականացնում ենք, լինի հավասարապես լավը բոլոր երեւանցիների համար։ Այսինքն՝ եթե ծնողն ունի երեխային մանկապարտեզում տեղավորելու հարց, ապա, այո, մենք 22 մանկապարտեզներ հիմնանորոգելու ենք այս տարի, հաջորդ տարի՝ 30-ից ավելի։ Եթե մարդն ունի աշխատանքի գնալու՝ տրանսպորտի հետ կապված խնդիր, այս տարի էականորեն տրանսպորտային վիճակը բարելավելու ենք եւ երկու տարում անմիջապես ռեֆորմն իրականացնելու ենք։ Այսինքն՝ մեր խնդիրն այն չէ, որ բաժանումներ անենք, թե, այ, դուք լավ երեւանցիներ եք, իսկ դուք՝ վատ երեւանցիներ, դուք սեւ եք, դուք՝ սպիտակ։ Բոլորն էլ երեւանցիներ են, եւ Երեւանի քաղաքապետարանի գործը կայանում է նրանում, որ բոլորին ծառայի, եւ այդ ծառայությունը լինի բոլոր խմբերի համար։ Խմբեր ասելով՝ ես նկատի ունեմ երեխաներին, նրանց ծնողներին, այթիշնիկներին, հաշմանդամություն ունեցող անձանց, բոլոր խմբերին, որոնք ունեն իրենց խնդիրները քաղաքային իշխանությունների եւ քաղաքի անհարմարության հետ։

- Բայց դրա հետ մեկտեղ, տրամաբանությունը հուշում է, որ ինչքան քիչ լինի մասնակցությունը, այնքան բարձր կլինի ՔՊ-ի տոկոսային հարաբերակցությունը։ Ինչքան անապահով խավը շատ քվեարկի, որպես կանոն, նրանք ձեզ են ձայն տալիս, եւ այդ սկզբունքից ելնելով՝ ես կնշանակեի ընտրություններն ամռան ամենատապին, երբ ապահովված երեւանցիները քաղաքում չեն։ Նաեւ ընտրությունները կանցկացնեի՝ մաքսիմալ ներգրավելով ոչ մի բանի չհավակնող շատ քաղաքական ուժերի, ու այդ պարագայում ձայները կփոշիացվեին, եւ ձեզ մաքսիմալ տոկոս կհասներ։ Այդ մեթոդներո՞վ եք ընտրությունների տանելու։

- Ես Կենտրոնի երեւանցի եմ, եւ այդ վերլուծություններն ավելի շատ ոնց որ ձեր գործն են, որովհետեւ ես նման վերլուծություններ չեմ անում, ես ավելի շատ կենտրոնանում եմ այն աշխատանքի վրա, որը պարտավոր է անել քաղաքապետարանը, եւ կարծում եմ, որ դա է իմ պարտականությունը։ Այդ վերլուծություններն այնքան հեղհեղուկ են, այնքան անհիմն են եւ այնքան․․․, ճշմարտությանը չեն համապատասխանում՝ նվազագույնը։ Նկատի ունեմ էն թեզերը, որոնք Դուք բարձրաձայնեցիք, թե՝ էս խավը ձեզ կընտրի, իսկ էս խավը չի ընտրի, ես վստահ եմ, որ դա ճշմարտությանը չի համապատասխանում։

- Ապահովված մարդիկ ասոցացվում են նախկինների հետ, նրանք նախկինների ժամանակ լավ են ապրել․․․

- Դուք եք հիմա բաժանումներ անում։

- Ես բաժանումներ չեմ անում։ Լավ, անդրադառնանք ձայն փախցնող կուսակցություններին, որոնք ընտրաձայներն են փոշիացնում. ՔՊ-ն խրախուսելո՞ւ է նրանց մասնակցությունը։

- Ես կրկնեմ, որ մենք երկու հիմնական օրակարգ ունենք․ քաղաքապետարանի այսօրվա աշխատանքները, որի հիմքը 2017 թվականի «Ելք դաշինքի» ծրագիրն է, եւ հետագա մեր նախընտրական ծրագիրը, որը լինելու է մեր հետագա 5 տարվա գործունեության միջոցառումների ծրագիրը։

- Կարծում եք, որ այդքանը բավարա՞ր է լինելու, որ ընտրողները ձեզ ձայն տան։

- Ես վստահ եմ, որ այս երկու հիմնական բանը, որ եթե մենք կարողանանք իրականում մեր աշխատանքը բարեխղճորեն ճիշտ կատարել այս ընթացքում եւ մեր երեւանցիներին առաջարկենք հնգամյա իրատեսական ծրագիր ու նաեւ հավակնոտ ծրագիր, որը, ես վստահ եմ, իրականացնելու ենք։ Ես բազում բաների միջով անցել եմ եւ տեսել եմ, թե ինչն է հնարավոր, ինչը հնարավոր չէ, եւ շատ դեպքերում ուղղակի ոչ բավարար կամք է լինում, որպեսզի մեծ ծրագրերն իրականացնենք։ Ես կարծում եմ, որ հիմա էդ կամքը կա, եւ ես վստահ եմ, որ եթե մենք կարողանանք ճիշտ մատուցել մեր ծրագրերը երեւանցիներին, ապա՝ այո, մենք կարող ենք հավակնել եւս 5 տարով Երեւանում լինել քաղաքային իշխանություն։

- Խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը շատ ինտենսիվ շփվում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, նրան տրոյական ձի է պատկերացնում, որին կարելի է ներգրավել եւ հեշտությամբ ընդդիմությունից ձայներ տանել, իսկ հետագայում կկարողանան ՔՊ-ի հետ համագործակցել եւ անգամ կոալիցիա ստեղծել։ Բացառո՞ւմ եք Հայկ Մարությանի հետ կոալիցիան ապագայում։

- Ես, իհարկե, հիանում եմ բոլոր հնարավոր թեզերով, որոնք հայտնվում են մամուլում, եւ ես բազմաթիվ անգամ էս տեսակ թեզերի վերաբերյալ ասել եմ, որ ինձ մոտ տպավորություն է, որ ընդհանուր էս մեր քաղաքական կյանքը մի հատ երկար սերիալ է, եւ այդ սերիալը պետք է շարունակություն ունենա, նոր սերիաներ պետք է ունենա, եւ այս թեզերը երբ ծնվում են այն տրամաբանությամբ, որ մարդիկ կարդան, թե հաջորդ սերիայում ինչ է լինելու, Բլանկոն վերադառնալո՞ւ է։

- Հիմա հաջորդ սերիայում Հայկ Մարությանի հետ կապված կոալիցիա լինելո՞ւ է, Բլանկոն վերադառնալո՞ւ է։

- Ես, անկեղծ ասած, Հայկ Մարությանի մտադրությունների մասին որեւէ բան չգիտեմ, ես կարծում եմ՝ իրեն պետք է հարցնել։

- Իսկ նրա հետ համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք։

- Մենք մեր օրակարգի վրա ենք կենտրոնացած, եւ մեր օրակարգը շատ հագեցած է։ Մենք հիմա ունենք տրանսպորտի հարց, մենք հիմա ունենք կանաչապատման հարց, ունենք այգիներ կառուցելու հարց, ունենք մանկապարտեզների հիմնանորոգումն ավարտին հասցնելու հարց, եւ այս ամբողջ ծավալը թողած, ես այս թեզերին չեմ ուզում անդրադառնալ։

- Կա՞ կուսակցությունների ցանկ, որոնց հետ կարող եք կոալիցիա ստեղծել։

- Մենք նման հարց չենք քննարկել։

- Պարոն Ավինյան, իսկ ավագանու ցուցակն ո՞վ է կազմում, խնդրում եմ ասեք առաջին 5 համարներին։

- Դեռեւս չունենք կազմած ավագանու ցուցակ, ես կարծում եմ, որ մենք ունենք գործող ավագանիներ, մենք ունենք նաեւ կուսակցականներ, որոնք տարբեր տեղերում ակտիվ են, բայց այսօր ավագանու ցուցակում չկան, ունենք հանրային դեմքեր, որոնց ներգրավումը, քաղաքի խնդիրները բարձրաձայնելու տեսանկյունից,  շատ ճիշտ կլինի։

- Օրինակ ո՞վ, անուններ․․․

- Չեմ կարող անուններ տալ։

- Որովհետեւ չար լեզուներն ասում են, որ Դուք բացարձակ չեք մասնակցում ցուցակը կազմելուն, Նիկոլ Փաշինյանն անձամբ է կազմում, որ հետագայում Ձեզ վրա մաքսիմալ ազդեցություն ունենա։

- Էդ չար լեզուները միայն ձեզ են ինչ-որ բաներ ասում, որովհետեւ ինձ ոչ մի բան չեն ասում։ Մենք հիմա չունենք ցուցակի կազմման աշխատանքներ, բայց մոտավոր ասեմ, որ ցուցակը լինելու է առաջին հերթին քաղաքական, եւ նաեւ կարող են ներգրավված լինել անձինք, որոնք իրապես քաղաքի խնդիրները բարձրաձայնելու տեսանկյունից մեծ օգուտ կտան ավագանու ինստիտուտին։

- Կարծում եմ՝ ՔՊ-ն երկրորդ անգամ այդ նույն սխալը չի անի եւ անպայման երկրորդ՝ ռեզերվային քաղաքապետ կունենա այդ ցուցակում։

- Գիտեք՝ դա շատ կարեւոր հարց է եւ դա միայն էս ցուցակի հարցը չէ, առհասարակ՝ բոլոր ղեկավարները, անկախ նրանից, իրենք որ մակարդակում են, միշտ պետք է իրենց կողքն ունենան ուժեղ մարդիկ, ովքեր, այո, Աստված մի արասցե, ինչ ասես կարող է պատահել, որ կարողանան փոխարինել։

- Դուք ո՞ւմ եք տեսնում այդ դերում՝ Ձեր կողքին։

- Իմ կողքին կան մարդիկ եւ ցուցակում կլինեն մարդիկ, որոնք պոտենցիալ այդ դերը կարող են ստանձնել, էլի չեմ ուզում անուններ տալ, շատ չուրախանան։ Ես կարծում եմ՝ այն մարդիկ, ում մասին Դուք խոսում եք, պետք է լինեն գաղափարապես նույն թրծվածքի եւ նաեւ որոշ չափով, ես հուսով եմ, իմ ունակություններից առավել ունակություն ունեցող մարդիկ, այսինքն՝ դա է ճիշտ ճանապարհը, միշտ ուժեղ մարդիկ պետք է լինեն։

- Լուրեր կան, որ Դուք պատրաստվում եք կտրուկ փոփոխություններ կատարել մայրաքաղաքի կյանքում՝ ընտրվելու դեպքում։ Ասում են, որ բոլոր փողոցները կոչվելու են «ավինյուներ», իսկ Երեւանը՝ Տիգրանակերտ։

- Ես վստահաբար կարող եմ ասել, որ շատ էական փոփոխություններ տեղի են ունենալու Երեւան քաղաքում, եւ այդ փոփոխությունները լինելու են ավելի լավ տրանսպորտային համակարգ, լինելու է նոր բացվող մետրոյի կայարան եւ շարունակաբար զարգացող մետրո, ամեն տարի կառուցվող մետրո, որը շարունակաբար պետք է զարգանա։ Լինելու են ամբողջապես վերանորոգված եւ նոր կառուցված մանկապարտեզներ, լինելու են այգիներ, որոնք կվերադարձվեն հանրությանը, եւ գարաժների փոխարեն շատ տեղերում լինելու են բակեր ու խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր։ Եվ ամենակարեւորը՝ Երեւան քաղաքն ունենալու է գրագետ մշակված գլխավոր հատակագիծ, եւ հետագայում ես, պոտենցիալ բոլոր քաղաքապետերը, չեն ունենալու հնարավորություն՝ իրենց նեղ ճաշակով տձեւ, տգեղ եւ այլանդակ շենքեր տնկել աջուձախ։

- Այդ բոլոր պրոյեկտների համար գումար կա՞։

- Այո։ Բոլոր պրոյեկտների համար առաջինը՝ կա միտքը, եւ երկրորդը՝ կա ձեւը, եւ շատ դեպքերում այդ բոլոր պրոյեկտներն իրականացնելու համար գումար պետք չէ։ Օրինակ՝ նոր կանգառներ կառուցելու համար գումար պետք չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել