«Ձեզանից շատերը գուցե աներկբա կերպով վկայեն, որ իրենք աղոթողների թվին են պատկանում, սակայն վստահաբար շատ քչերն են իրական կերպով հասկանում, թե ինչ է աղոթքը և թե ինչպես պետք է այն մատուցվի:
√ Արդյո՞ք սոսկ իրեն քրիստոնյա համարելն ու խաչակնքելը աղոթք է,
√ արդյո՞ք լոկ մոմ վառելը կարելի է աղոթք համարել,
√ արդյո՞ք Տերունական աղոթքի պարզապես մեխանիկական ընթերցումն ու վերընթերցումը կարող է Աստծո հետ հաղորդակցություն ստեղծել:
Սրանք հարցեր են, որոնք ինքնաբերաբար մեզ մղում են աղոթելու ճիշտ եղանակն ու ձեւը սովորելու եւ ըստ այդմ մոտենալու այդ մեծ խորհուրդին: Եւ այս բանի մեջ մեզ օգնում են Ընդհանրական Եկեղեցու սրբազան հայրերը, ովքեր իրենց խորունկ փորձառությամբ ու հավատքի անկրկնելի կրակով մեզ են փոխանցել աղոթքի կանգնելու հստակ եղանակներն ու ձևերը:
Այս հայեցակետից մոտենալով հարցին, տեսնում ենք, որ
√ ԱՂՈԹՔԸ նախ եւ առաջ պետք է լինի երկրպագություն ու պաշտամունք այդ բառի ամբողջական ու լիակատար իմաստով, որն իր մեջ պետք է ընդգրկի ճշմարիտ աստվածճանաչություն եւ ի դեմս ճշմարիտ Աստծո՝ մարմնացած Հիսուս Քրիստոսի, երկրպագություն, խոնարհություն ու Նրան ծառայելու, Նրա կամքին հետևելու պատրաստակամություն:
ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆ Է, ՈՐՊԵՍԶԻ ԱՂՈԹՔՆ ԻՐԱՊԵՍ ԳՏՆԻ ԻՐ «ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋԸ»:
√ ԱՂՈԹՔԻ ԵՐԿՐՈՐԴ կարեւոր հանգրվանը խոստովանությունն է, երբ մարդ զգում է իր մեջ մեղավոր անձի առկայությունը եւ, ի տես Աստծո անհասանելի մաքրության ու սրբության, զղջման ու ապաշխարության անկեղծ պոռթկում է ապրում՝ Աստծուց խնդրելով թողություն իր մեղքերի ու հանցանքների համար:
√ ԵՐՐՈՐԴ կարևոր պայմանը միջնորդությունն է: Յուրաքանչյուր քրիստոնյա այս եւ հանդերձյալ աշխարհում միայնակ չէ: Նա շրջապատված է իր նմաններով, իր եղբայրներով ու քույրերով, որոնց նկատմամբ պարտականություններ ու պարտավորություններ ունի: Ուստի իր անձի համար որևէ բան ակնկալելուց առաջ նա ոչ միայն պետք է աղոթի իր հեոու ու մոտիկ եղբայրների ու քույրերի, անգամ իր թշնամիների, այլեւ ննջեցյալների հոգիների փրկության ու ողջ աշխարհի բարօրության ու խաղաղ համակեցության համար:
√ ՀՈՒՍԿ ԱՊԱ ԱՂՈԹՔԸ կարող է ընդունել խնդրանքի ձեւ, երբ քրիստոնյան պետք է կենտրոնանա իր սեփական անձի վրա եւ աղոթի Աստծուն՝ խնդրելով Նրանից ոչ միայն հանապազօրյա հաց ու նյութական բարիքներ, այլեւ ճշմարիտ գիտություն ու հաղորդակցություն, եւ «ամենից առաջ Երկնքի Աքարքայությունը, քանզի մնացած ամեն ինչ ավելիով կտրվի»:
√ ԵՒ ՎԵՐՋԱՊԵՍ ԱՂՈԹՔԸ, սկսվելով աստվածակենտրոն մոտեցումով, դարձյալ պետք է մտասեւեռվի Աստծո վրա եւ ստանա գոհության իրական ձեւ ու արտահայտություն, քանզի աղոթողը պետք է ընդունի այն իրականությունը, որ իր ունեցած ողջ նյութական, մտավոր ու հոգեւոր հարստությամբ պարտական է միմիայն երկնավոր Հորը, եւ ըստ այդմ պե՛տք է գոհություն ու շնորհակալություն վերաոաքի աո Աստված իր վայելած բարիքների համար:
…Այս ամենից հետո թող ձեզանից ամեն մեկը իր մտքում ու սրտում քննի եւ հասկանա, թե արդյո՞ք այն, ինչ ինքը մինչեւ այժմ աղոթք էր անվանում, համապատասխանում է Եկեղեցու հայրերի մշակած մոտեցմանը: Եվ եթե պատասխանը հաստատական է, ապա մնում է ամենակարեւորն ու էականը, այն, որ աղոթքի ներանձնական ապրումիս է վերաբերում:
Անապատականության ու ճգնավորության հայրերից մեկը՝ Նեղոս Սինայեցին, որի աղոթքի սլացքին թերևս շատ քչերն են հասել, աղոթելու եղանակի մասին 150 ցուցումներ ունի, որոնք ավարտվում են հետեւյալ խոսքով.
«Երբ, կանգնելով աղոթքի, զգում ես մի ուրախություն, որ վեր է այս աշխարհի բոլոր ուրախություններից, այնժամ իսկապես ձեոք ես բերել սուրբ աղոթքը»:
Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ձեր աղոթքի ու խոկման ընթացքում մշտապես փնտրեցեք այդ ուրախությունը, եւ ես մաղթում եմ, որ մենք բոլորս հասնենք աղոթքի այն բարձրագույն կատարելությանը, երբ յուրաքանչյուրս մեր հոգում կզգանք այդ վերերկրային ուրախությունը, որը ճշմարիտ անդրադարձն է Աստծո հետ կենդանի հաղորդակցության:
«Շնորհք, սէր և խաղաղոլթիւն եղիցին ընդ ձեզ ընդ ամենեսեանդ. Ամէն»: »
Տեր Միքայել արքեպս. Աջապահյան
Շիրակի Թեմի Առաջնորդ
(հատված քարոզից)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել