«Ինքը Սահմանադրության դեմ է դուրս գալիս, որովհետև Սահմանադրությամբ երաշխավորված է, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով երեկ ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, թե Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորը չէ, և, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի անվտանգության երաշխավորն այլևս Ռուսաստանի Դաշնությունն է:

Միքայել Աջապահյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանով պետք է իրավապահները զբաղվեն և ոչ միայն.

«Սահմանադրական դատարանը պետք է զբաղվի իրենով, Ազգային ժողովը պետք է զբաղվի իրենով, բայց ինչպես ասել եմ, քանի որ պետականության կոլապսի մեջ ենք, ոչ մեկն էլ չի զբաղվելու: Բանակը, Ազգային անվտանգությունը պետք է զբաղվեն իրենով: Այս մարդը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար, սպառնալի՛ք է, այդ սպառնալիքն ո՞վ պետք է վերացնի, եթե ոչ՝ բանակը, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը:

Ե՞րբ պետք է հասկանալ, որ այս մարդը սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի քաղաքացիներին՝ ներառյալ Արցախի քաղաքացիների, որոնք ՀՀ քաղաքացիներ են: Ինքը սպառնալիք է, գոյութենակա՛ն, սպառնալիք: Եթե չենք հասկանում՝ չենք հասկանում, կշարունակվի այս վիճակը և ավելի կվատանա: Ասել եմ՝ ամեն մի մնացող վայրկյանը, որ այս մարդը մնում է աթոռին, դժվարացնելու է մեր վերականգնումը: Դրանից ավելի ի՞նչ ասեմ»:

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ կաշկանդված է ասելու՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», ուստի Միքայել Աջապահյանից հետաքրքրվեցինք՝ սա և՞ս վկայում է նրա այն պնդումը, որ Արցախը հանձնել են կամ հանձնում են:

«Իհա՛րկե, հանձնում է: Ես ամենասկզբից եմ ասել, որ էս մարդիկ պատրաստ են հանձնելու, նորությունն ի՞նչն է: Ամեն անգամ էս մարդը վերստին կրկնելով նույն ինֆորմացիան, ձեզ պատրաստում է վատթարագույնին, դուք ամեն անգամ՝ կարծես առաջին անգամն է ասում: Պարզից պարզ է, բոլոր քայլերը խոսում էին այն մասին, որ էս մարդիկ Հայաստանը պարփակում են 29.800-ի մեջ, ի՞նչ կա այստեղ չհասկանալու, նույնիսկ 29.800-ից էլ պակաս, միայն թե իրենց կաշիները փրկեն, փորները կուշտ լինի, տակները՝ չոր, սա՛ է այս մարդկանց պերսպեկտիվը, սա է այս մարդկանց ապագան, ապագայի հասկացողությունը սա է այդ մարդկանց»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Դիտարկմանը, որ նույն ասուլիսի ժամանակ, երբ լրագրողը նշել է, որ Փաշինյանի թիմակիցը՝ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, քննադատում և չի հավատում այսօրվա դատաիրավական համակարգին, Փաշինյանն արձագանքել է, թե մեր երկրում կան հոգևորականներ, որոնք Աստծուն չեն հավատում, այնպես որ՝ մեծ ողբերգություն չէ, եթե որևէ պատգամավոր դատաիրավական համակարգին չի հավատում, Միքայել Աջապահյանն ասաց՝ եթե նման հոգևորականներ կան, թող Փաշինյանն անուն-ազգանուններով խոսի.

«Ինքն ո՞վ է, որ եկեղեցուն թիրախավորի, ինքն ո՞վ է, ինչացո՞ւ է: Եկեղեցին իր նմանների՞ն է տեսել և մարսել և մոռացե՛լ իրենց գոյության մասին: Այդ որտե՞ղ է պեղել Աստծուն չհավատացող հոգևորական, թող անունները, ազգանունները տա, մենք գոնե իմանանք, մենք տեղյակ չենք, հո ասելո՞վ չի:

Մենք էլ կարող ենք ասել՝ պետականությանը չհավատացող պետական գործիչներ կան և, իրոք, կա՛ն, մեկն էլ ինքն է, ահավասիկ՝ անուն-ազգանունով:

Դուք էլ ընկել եք, էդ մարդու ասածները լուրջ-լուրջ սկսում եք քննարկել, էդ մարդուն կարելի՞ է լուրջ ընդունել, որ մի հատ էլ ասածները քննարկել, զարմանում եմ ուղղակի, հոգեբույժները պետք է զբաղվեն էդ մարդով, քանի՞ անգամ եմ ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել