Քանի որ Սեդա Սաֆարյանի «պաշտպանական» թիմը շատ է խոսում ՍԴ աշխատակարգային նիստում տիկին Սաֆարյանի բացառիկ «ազնվություն» ցուցաբերելու մասին, որոշեցի ավելի մանրամասն անդրադառնալ նաև այդ հարցին:
Ինչպես հայտնի ֆիլմի հայտնի հերոսն էր ասում՝ էս Սահմանադրական դատարանում մի կենդանի շոֆեռ չի մնացե՞լ: Իսկ մնացած մեկ-երկու դատավորներն էլ՝ իրենց աջը քաշած հետևում են Սահմանադրական դատարանի անօրինական դրսևորումներին։
Մամուլում օրերս հրապարակվեց Սեդա Սաֆարյանի խոստովանական ցուցմունքը, որն արձանագրվել էր ՍԴ-ի աշխատակարգային նիստում։
Այդ նիստի արձանագրությունն էլ դատարանը, ի զարմանս ինձ, հոժարակամ տրամադրել էր այդ լրատվամիջոցին։ Բայց, «զարմանալիորեն» այն ինձ մոտ առաջացրեց հերթական մտահոգությունները:
Օրինակ, ո՞րն է այն իրավական հիմքը, որի համաձայն Սեդա Սաֆարյանի արարքի քննարկումը ներառվել է աշխատակարգային նիստի օրակարգ: Նշված հարցը պարզապես որևէ դատավորի առաջարկությամբ չէր կարող ներառվել օրակարգում՝ ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) և Սահմանադրական դատարանի աշխատակարգի, որոնցով հստակ նախատեսված են դեպքերն ու կարգը:
Փաստորեն ստացվում է, որ Սահմանադրական դատարանը վաղն էլ կարող է քննարկել փողոցային առևտրի կամ քաղաքային տրանսպրտի հարցեր. իրականում չկա որևէ տարբերություն։
Ավելին, եթե նշվածը դիտարկենք ՍԴ գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարց (ինչը չենք կարող), ապա այդ դեպքում պետք է ընդունվեր աշխատակարգային որոշում (Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մաս): Այդպիսի որոշում բնականաբար գոյություն չունի:
Ի դեպ, սահմանված բացառիկ դեպքերում է, որ աշխատակարգային նիստում ներառված հարցերով որոշումներ չեն կայացվում (օրինակ՝ երբ կարիք կա պարզել գործի վերաբերյալ մյուս դատավորների նախնական դիրքորոշումը):
Սովորաբար, Աշխատակարգային բոլոր նիստերի օրակարգում նշվում է հարցը և զեկուցողը և դա ինքնանպատակ չէ: Այս դեպքում ՍԴ-ն նորից իրեն գերազանցել է։ 2023 թվականի հունվարի 10-ին հրավիրված ՍԴ աշխատակարգային նիստի երկրորդ հարցը ունեցել է հետևյալ ձևակերպումը. «Սահմանադրական դատարանի դատավոր Ս․ Սաֆարյանի զեկուցմամբ բարցրացված հարցի քննարկում»։ Փաստացի, ՍԴ-ն նիստի օրակարգ է ներառել մի հարց, առանց հասկանալու, թե հարցը, օրինակ, ՍԴ վարույթում գտնվող գործի՞ն, թե՞ Սեդա Սաֆարյանի ամուսնու աշխատավարձի բարձրացմանը կամ փողոցային կենդանիների ստերջացման խնդրին է առնչվելու:
Նիստի արձանագրությունից պարզ է դառնում նաև, որ Սեդա Սաֆարյանի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ դատավորները կարծիքներ են արտահայտել։ Հավանաբար ՍԴ դատավորները մոռացել են Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի մասին, որն արգելում է հրապարակային կարծիք հայտնել նման դեպքում: Արդյո՞ք այստեղ առկա չէ ՍԴ դատավորի վարքագծի կանոնների խախտում:
Ինչո՞ւ է ՍԴ-ն այս անգամ տրամադրել աշխատակարգային նիստի արձանագրությունը, այն դեպքում, երբ այլ անձանց աշխատակարգային նիստերի արձանագրություններ չեն տրամադրվել (նույնիսկ այդպիսի դատական գործ կա): Մի՞թե սա հերթական ապացույցը չէ առ այն, որ Սեդա Սաֆարյանի արարքի քննարկումը նիստում նպատակ է հետապնդել թոզ փչելու հասարակության աչքերում, թե բա տեսեք, ազնվորեն հարցը բարձրացվել և քննարկվել է:
Փաստացի, արձանագրենք, որ ապօրինի կերպով զավթված այս կառույցը օրեցօր գրավում է նոր բարձունքներ, ցավոք՝ ապօրինությունների:
Փաստորեն Վճռաբեկ դատարանից լիազորություններ յուրացնող ու Վճռաբեկ դատարանի նախագահին Աժ պատգամավորների հետևում անկյուն կանգնեցրած այս մեռյալ կառույցի ղեկավարները չեն ցանկանում կամ ունակ չեն նշված ապօրինությունները հնարավորինս քողարկել քիչ թե շատ օրինական ընթացակարգերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել