Պարզվում է՝ Նիկոլը որոշել է վերաբացել «Մալաթիան». շուկայի տնօրինությունը նամակ է գրել հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ու ստացել աշխատանքը շարունակելու թույլտվություն:

«Մալաթիայի» փակումը բավական ռեզոնասնային ստացվեց, ինչն էլ, ըստ էության, պատճառ դարձավ, որ շուկան էլի սկսի գործել: Հնարավոր է, որ բացի վերոհիշյալ հանգամանքը, իր ուրույն դերը խաղաց այն, որ տոնավաճառի առևտրականների ճնշող մեծամասնությունը, փաստորեն, իրենց որպես նիկոլական դրսևորեցին՝ աղաչանք-պաղատանքներով հորդորելով իրենց սրտի վարչապետին՝ քար չգցել իրենց բիզնեսի գլխին ու թողնել հանգիստ աշխատել:

Անկասկած, առևտրականների հանդեպ խղճմտանքը չէ, որ Նիկոլին մտքափոխ է արել. նա վախեցել է սեփական քայլերի ու Գռզոյին շատ կուլ գնալու քաղաքական հետևանքներից, քանի որ սեփական համակիրներին մեջքից հարվածելը կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ՝ բարեկամներին դարձնելով թշնամիներ: Իհարկե, իրենք՝ առևտրականները, մեծ թիվ չեն կազմում, սակայն տեսնելով նրանց ճակատագիրը՝ Նիկոլի մյուս համակիրները նույնպես կարող էին հետևություններ անել՝ լեթարգիական քնից արթնանալով ու սեփական կուռքին խժռելով:

Հայաստանում պետք է ձևավորվի հանրային մշակույթ՝ սեփական խնդիրների համար պայքար մղելու: Օրինակ՝ Եվրոպայում գործում են այնպիսի համքարություններ, որոնց կազմակերպած միտինգների ու բողոքի ակցիաների կողքով ոչ մի քաղաքական իշխանություն անտարբեր չի անցնում, և շատ հաճախ բողոքավորները հասնում են իրենց նպատակներին՝ նույնիսկ ապաքաղաքական բողոքի ձայն հնչեցնելով: Ցավոք, նման մշակույթ Հայաստանում գոյություն չունի, ինչն էլ հաճախ ազատում է իշխանությունների ու նրանց հովանավորյալ օլիգարխների ձեռքերը՝ժողովրդի հետ ուզածն անելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել