
Անշուշտ, Նիկոլ Փաշինյանն ավելի տեղեկացված է ադրբեջանցիների պլաններից, մենք դրանում կասկածներ չունենք: Բայց արցախյան մեր աղբյուրներն այլ տեղեկատվություն էլ են փոխանցում մեզ:
Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ իր եւ Արցախի միջեւ ոչ մի միջնորդ չլինի, որ Ադրբեջանի իշխանություններն ուղիղ բանակցեն Արցախի իշխանությունների հետ: Ընդ որում, ոչ միայն Հայաստանը հանդես չգա միջնորդի դերում, այլեւ Ռուսաստանը եւ «Ռուսաստանի նշանակած Ռուբեն Վարդանյանը»: Եվ ճանապարհը բացելու գլխավոր պայմանը մեկն է` Ռուբեն Վարդանյանի հեռացումը պետնախարարի պաշտոնից: Մեզ փոխանցեցին, որ Ադրբեջանից շատ կոշտ մեսիջ են փոխանցել` ճանապարհը չի բացվի, քանի դեռ Արցախում պաշտոնավարում է Ռուբեն Վարդանյանը, եւ այդ հարցում որեւէ զիջման չեն գնալու:
Ցավոք սրտի, Արցախում արդեն որոշակի ալիք է բարձրանում` ընդդեմ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման, եւ վաղը, մյուս օրը հնարավոր է, որ անգամ բողոքի ակցիաներ կազմակերպվեն` Վարդանյանին հեռացնելու պահանջով, որպեսզի ճանապարհը բացվի: Բայց Արցախում կան մարդիկ, որոնք դեմ են Վարդանյանի հեռացմանը: Դրան խիստ դեմ են նաեւ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ: Մենք հետաքրքրվեցինք ռուսական կողմի վերաբերմունքով: Մեզ ասացին, որ ռուսներն այնքան են պասիվացել եւ մի կողմ քաշվել, որ իրենց համար միեւնույն է` Ռուբեն Վարդանյանը կպաշտոնավարի՞, թե՞ ոչ: Հակառակը` մի քանի անգամ Արցախի նախագահին մեսիջներ են փոխանցել, որ ազատ է այդ հարցում` կարող է հենց այսօր էլ ազատել Վարդանյանին:
Իրականում` Արցախում փակուղային վիճակում են հայտնվել. Զիջել ադրբեջանական պահանջներին եւ Ռուբեն Վարդանյանին փոխել՝ նշանակում է դուռ բացել նոր զիջումների համար, չզիջել եւ շարունակել ապրել փակ ճանապարհներով, բլոկադայի մեջ՝ նույնպես հղի է վտանգներով եւ Արցախի հայաթափմամբ: Ի վերջո, այս վիճակը երկարելու դեպքում մարդիկ կգտնեն Արցախից հեռանալու ճանապարհը:
Արեգ Մարգարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել