Փոխգնդապետ Կարեն Ասրյանը գերազանցությամբ էր ավարտել Մոսկվայի համազորային հրամանատարական ուսումնարանը։ Ավարտեց ու վերադարձավ հայրենի Արցախ։ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից էր։
Մի շարք պաշտոններ զբաղեցնելուց հետո 2020 թվականին նշանակվում է Իվանյանի տանկային զորամասի տանկային բրիգադի օպերատիվ վարչության պետ։ Ու չնայած պաշտոնին՝ հարկ եղած դեպքում նա և՛ հրամանատար էր, և՛ մարտիկ։ Դա էր պատճառը, որ պատերազմի լուրն առնելու առաջին իսկ ժամերից նա իր զինվորների հետ ձեռնամուխ եղավ Արցախի հյուսիսի պաշտպանությանը։ Պատերազմի ողջ ընթացքում եղավ կռվի ամենաթեժ կետերում. սկսած Մադաղիսից, Եղնիկներից մինչև Մաճկալաշեն, Վարանդայից մինչև Շուշի։ Նա իր զինվորների հետ օգնության էր հասնում այնտեղ, որտեղ ամենածանրն էր։ Ու վերջին ծանր մարտն էլ Շուշիում մղեց։ Նոյեմբերի 5-ին Շուշիի մոտ թշնամին շրջապատեց փոխգնդապետի ջոկատը։ Ու չնայած վիրավոր վիճակին, նա շարունակեց մարտը վարել ևս 4 օր։ Նրան շրջափակումից դուրս բերելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան. չհաջողվեց օգնության հասնել փոխգնդապետին։ Նոյեմբերի 9-ին, բերդաքաղաք Շուշիի մատույցներում անմահացավ հրամանատարը...
Այսօր հայրենիքի նվիրյալ Կարեն Ասրյանի ծննդյան օրն է։ Երկնային ծնունդդ շնորհավոր, հրամանատար։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ, պարոն փոխգնդապետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել