«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական գործիչ, արտակարգ եւ լիազոր դեպան Արա Սահակյանն է։

- Դուք բազմիցս եք նշել, որ այս իշխանությունը պետք է հեռանա, սակայն հեռացնողը՝ ընդդիմությունը, լավ վիճակում չէ՝ պառակտված է, մանդատներ են վայր դրվում, հաջորդները հրաժարվում են ԱԺ մտնել։ Ի՞նչ է կատարվում ընդդիմության հետ։

- Ընդդիմությունը 30 տոկոս ունի ԱԺ-ում, մեծ ուժ է, այնտեղ կան բանիմաց, փորձառու գործիչներ, բայց ընդդիմությունն ունի մեկ բաց՝ չունի վառ արտահայտված առաջնորդ։ Հիմա ընդդիմության ղեկավարումը յուրատեսակ ապակենտրոն ռեժիմում է։ Ի դեպ, գրեթե 35 տարի ընդդիմության առաջնորդի հարցը մեզանում եղել է իշխանության հետ դիմակայության գլխավոր կետը։ Ընդդիմության հետեւորդները միշտ պահանջել են իրենց վերնախավից՝ միավորվեք, առաջնորդ ընտրեք։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այդկերպ հասարակությանն ավելի հասկանալի է դառնում՝ սա իշխանության առաջնորդն է, սա էլ՝ ընդդիմության, որը մի օր փոխարինելու է նրան: Արդյունավետ, պարզ ու շիտակ ընթացք։ Ծրագրերն ու սկզբունքները կարեւոր են, բայց ոչ պակաս կարեւոր են իշխանության ընթացիկ քայլերի պերսոնալ գնահատումը, անձի վճռականությունը, տրամաբանված ու պերճ խոսքը։ Այդ դեպքում ընդդիմության մյուս երեւելիներն անցնում են երկրորդ գիծ ու աշխատում առաջնորդի համար։ 

- Արդյո՞ք միշտ այդպես է եղել։

- 1988-ի մայիսի վերջին «Ղարաբաղ» կոմիտեն մեծ դժվարությամբ գրավեց Ազատության հրապարակի հարթակը, 90-ի հունիսին, թեկուզ պառակտման գնով, կարողացավ առանձնացնել երկու առաջնորդի՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան։ Համակարգային փոխակերպումների այդ շրջանում նրանց համատեղ աշխատանքը հաջողվեց։ 96-ին, քանի դեռ ընդդիմությունը չուներ միասնական առաջնորդ, ազդեցիկ չէր։ 1999-ի խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը հաղթեց, որովհետեւ Կարեն Դեմիրճյանը ստանձնեց առաջնորդության իր խաչը։ 2000-2007-ին ընդդիմությունը վճռորոշ դերակատարում արդեն չուներ, որովհետեւ միասնական չէր։ Բոլորը միաբերան պահանջում էին Ստեփան Դեմիրճյանից եւ Արտաշես Գեղամյանից ՝ միացե՛ք։ Չեղավ։ 2008-ի նախագահականում եւս ընդդիմությունն ամբողջովին չէր կուտակվել մեկ բեւեռում, ԲՀԿ-ն ու «Օրինաց երկիրը» մեկուսի խաղերի մեջ էին, 2013-ին էլ Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ իր շուրջը համախմբել իշխանությունից դժգոհներին։ 2018-ի հեղաշրջումը, օգտվենք Սերգեյ Լավրովի պատկերավոր խոսքից, «ուրիշ օպերայից» էր։ Փորձանքի ռաստ եկանք մի այլ ձեւ...

- Օրինակները համոզիչ են։ Իրոք, քանի դեռ քաղաքական համակարգերն ամուր չեն, կուսակցությունները հեղհեղուկ վիճակում են, որոշիչը մնում են առաջնորդները։

- Այո՛, բայց գուցե զո՞ւր եմ այս ամենը հիշեցնում, գուցե ընդդիմությունն իշխանությանը քննադատում է, բայց իշխանության գալու նպատակ չունի՞։

- Ողբերգությո՞ւն է...

- Չգիտե՛մ։ Համենայնդեպս, մեր քաղաքական մշակույթը, ավանդույթը ցույց են տալիս՝ որքան էլ դժվար է համախմբվել մեկ-երկու առաջնորդի շուրջը, պետք է դա անել, քանի որ կյանքն ապացուցել է՝ դա է հաջողության բանալին։ Նույնիսկ 2018-ի ներմուծված հեղաշրջումը կայացավ շնորհիվ այն բանի, որ հայտնվեց մեկը, ով ասաց՝ ես միանձնյա ընդունում եմ բոլոր որոշումը։

- Իսկ Ձեզ հասկանալի՞ է, թե որն է ընդդիմության նպատակը․ մե՛կ ԱԺ չեն գնում, մե՛կ գնում են, մե՛կ փողոցային պայքար են սկսում, մե՛կ դադարեցնում։

- Ընդդիմության նպատակը որոշվում է իր սահմանադրական կարգավիճակով։ Դա գիտություն է, գիտական սահմանում՝ ընդդիմության խնդիրն է՝ վերահսկել գործադիր իշխանության գործունեությունը։ Իմ երիտասարդության տարիներին Կոմայգում թուրքին ու «Արարատին» այնպիսի թունդ քննադատողներ ու ամեն ինչի գիտակներ կային, որ քեֆդ կգար։ Բայց նրանցից որեւէ մեկը ո՛չ թուրքի դեմ կռվելու ճար ուներ, ո՛չ էլ պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղալու։

- Մի՞թե ընդդիմության գլխավոր խնդիրն իշխանության գալը չէ։

- Ընդդիմությունը պարտավորություն ունի՝ հասարակության առջեւ ցույց տալու իշխանության բացերը, կազմակերպել եւ իրականացնել գործադիր իշխանության վերահսկողությունը։

- Ե՞վ, վերահսկո՞ւմ է։

- Ո՛չ։ Բայց այն, որ ընդդիմությունը ջանք չի խնայում իշխանության դեմքը բացահայտելու համար, անվիճելի է։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ գինարբուք կլիներ, եթե ընդդիմությունը լռեր։ Թո՛ղ ընդդիմությունը չսրտնեղի, որ իրեն քննադատում են։ Մարդիկ ձայն են տվել՝ պահանջում են։ Իրավունք ունեն։ Այլ բան է, որ պահանջողն էլ պետք է իր քայլերը ձեռնարկի, աջակցի ընդդիմադիր պատգամավորներին։ Չէ՞ որ ամեն օր գյուղերում եւ քաղաքներում ապօրինություններ են լինում, մարդկանց են հոշոտում ոստիկանական տեղամասերում, պարեկները դարձել են տրանսֆորմեր-ենիչերի։ Գործադիրն անհնազանդ դատավորներին դարձրել է հալածական, զինվորականներին՝ պարիա, տեղական ինքնակառավարման մարմինները գործադիրն ի պահ է հանձնել տեղի ցեցերին։ Անօրինականությունները վկայող բոլոր փաստերը հարկ է հասցնել ընդդիմությանը եւ պահանջել, որ հրապարակայնացնեն հենց ԱԺ ամբիոնից, հետաքննեն, հասնեն արդարության վերականգնման։ ԶԼՄ-ներն անփոխարինելի դեր ունեն ժողովրդի ձայնը բարձր հնչեցնելու գործում։ Կան մարդիկ, որ խորշում են կուսակցական միջավայրից, իրենք էլ կարող են ինչ-որ խմբեր, շրջանակներ ստեղծել ու գործել։ Դա կարող է լինել հաղորդակցության նոր միջոցների, համացանցի, Ֆեյսբուքի, Թվիթերի, Ինստագրամի միջոցով, դրանք հնարավորություն տալիս են՝ ձեւավորել իշխանականից տարբերվող հասարակական կարծիք։ Այս ամենը մեր հասարակությանը շարժելու է առաջ, թույլ չի տալու, որ լճանա, որ իշխանությունն իրեն զգա հասարակությունից վեր, հաբրգի։ Հիմա դա է տեղի ունենում. իշխանությունը գիրանում է, ինչպես գործադիրի ղեկավարը։ Հիմա դեռ ուժեղ է իշխանության ազդեցությունը հասարակության վրա, իշխանությունը ոչ թե կառավարում է, ոչ թե ծառայություններ է մատուցում, այլ տիրապետում է՝ մարդկանց մտքերին, ունեցվածքին, բանկերին հարստացնելով՝ մտնում յուրաքանչյուրի գրպանը։ Իշխող խմբակը սպառնալիք է պետության համար, եւ դա պետք է կանխել։ Նա քուն ու դադար չպետք է ունենա։ Այս իշխանությունը հենց զգում է, որ իր դիրքերն ամրապնդվել են՝ հիմնականում արտաքին աղբյուրներից ստացվող դրամական ու քաղաքական փոխառության շնորհիվ, դառնում է ավելի ցինիկ, ավելի անվերահսկելի, հատկապես հարկատուների փողերը ծախսելու, դրա մասին տեղեկատվությունը թաքցնելու գործում։ Դա է պատճառը, որ իշխանության թշնամի են հռչակվել նաեւ լրատվամիջոցները։ Դժվարացել է ձեր գործը, բայց լրագրողներդ ձեր գործն անում եք եւ ճիշտ եք անում։

- Ի՞նչ մտքերով եք ավարտում տարին։

- Ժողովրդի եւ պետության ճակատագրի առումով լավ բան չեմ տեսնում։ Նահանջ ու անկումների սարսափ։ Իսկ ՔՊ-ին կարող եմ «շնորհավորել»՝ մեր նորագույն պատմության մեջ ՔՊ-ի տիրապետության շրջանը կմնա որպես բարձրաստիճան պաշտոնյաների ոսկե դար։ Անչափելի բարձր աշխատավարձերն ու պարգեւատրումները լավագույն կենսապայմաններ են ապահովել բարձրաստիճան պաշտոնյաների բազմացման համար՝ դատախազներ, դատավորներ, ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ, իշխանական պատգամավորներ, կառավարության անդամներ, կառավարության շուրջը կոնսոլիդացված պետական ծառայողներ, պետական ՀԿ-ներ՝ Գոնգո-ներ, ու լրատվամիջոցներ՝ վարչապետի ու նրա ընտանիքի գլխավորությամբ։ ՔՊ-ն հենվեց ոչ թե «3 միլիոն վարչապետերի», այլ բարձրաստիճան պաշտոնյաների վրա։ Ժողովրդի մեջ դեռ միամիտներ կան, որ կարծում են, թե սա իր իշխանությունն է, այնինչ իշխանության իրական տերը բարձրաստիճան պաշտոնյաներն են եւ նրանց հետ սերտաճած օլիգարխները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել