Այսօր Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված թիրախային կրակոցներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ ատելության և ցեղասպանական քաղաքականության հերթական ապացույցն են։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի վարչական տարածքում գտնվող դաշտում։ Արձակված կրակահերթերի հետևանքով վնասվել է Ստեփանակերտի բնակիչ Կ. Մարտիրոսյանին պատկանող «Բելառուս» մակնիշի տրակտորը, քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Կրակահերթերի հետևանքով ամբողջությամբ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։
Խաղաղության մասին խոսող և Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության կեղծ խոստումներ տվող ադրբեջանական իշխանությունները և զինված ուժերը շարունակում են վարել Արցախի ժողովրդի ամենատարրական իրավունքների լայնածավալ խախտումների հանգեցնող, ֆիզիական և հոգեբանական անվտանգությունը խաթարող հանցավոր քաղաքականություն։
Բազմիցս ընդգծել ենք, որ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ գտնվող ռազմական հենակետերն ուղիղ սպառնալիք են խաղաղ բնակչության կյանքի և տարրական այլ իրավունքների համար, որի սպառնալից հետևանքներին հրադադարի հաստատումից հետո ականատես ենք եղել բազմիցս։
Ադրբեջանական էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու։ Այն, ինչ արվում է կեղծ խաղաղասիրության քողի ներքո, միտված է մոլորցնելու միջազգային հանրությանը և թմրեցնելու մեր հասարակության զգոնությունը։
No photo description available.
No photo description available.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել