«Վալդայ» բանավեճի ակումբի 19-րդ նստաշրջանում Վլադիմիր Պուտինի անդրարդարձը Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման թեմային և հնչեցրած շեշտադրումները հատկապես Արցախի հետ կապված, մեծ հաշվով, Հայաստանի, նաև մեր տարածաշրջանի առնչությամբ ռուսական քաղաքականության պատմական տրամաբանության տիրույթում են։
Իսկ այդ տրամաբանության առանցքային սկզբունքն է շահագրգիռ կողմերին «անել ավելի լավ առաջարկներ, քան մրցակից-հակառակորդները, բայց դրանք իրականացնել՝ ըստ հնարավորության»։
Ըստ էության, ներկայում ևս Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում օրակարգում եղած ռուսական առաջարկն առնվազն Արցախի հիմնախնդրի կարգավորման մասով(դրա հանգուցալուծման հարցը ապագային թողնելու առաջարկը) անհամեմատ ավելի շահեկան է Երևանի համար, քան արևմտյան մոտեցումները։ Մինչդեռ ռուսական առաջարկին սկզբունքորեն դեմ է Ադրբեջանը, իսկ Մոսկվան էլ անկարող է երաշխիքներ տրամադրել սեփական առաջարկների կենսագործման հարցում։
Նշվածի ամենաթարմ օրինակը ս.թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան էր Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ և դրան հարակից իրողությունները։
Բաքվի կողմից ուժի կիրառման առիթը, մեծ հաշվով, վերջին բրյուսելյան եռակողմ հանդիպման ընթացքում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ արևմտյան մոտեցումների մերժումն էր հայկական կողմից։
Մինչդեռ անգամ նման պայմաններում Մոսկվան ի զորու չեղավ երաշխավորել ոչ միայն սեփական դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, այլ անգամ իր միջնորդական հավակնությունները։ Իսկ արդեն վերջին լարվածությանը հետընթաց Մոսկվայի քաղաքական ու քարոզչական քայլերը պարզագույն սխալներ են պարունակում՝ թիրախավորելով ոչ թե տարածաշրջանում սեփական վարքով Ռուսաստանի դիրքերը խարխլող Ադրբեջանին, որը գործում է նպատակային կերպով, միջոցների կիրառման հարցում առանց խտրականության, այլ Հայաստանին, որն արդեն փորձում է ընդամենը երաշխավորել սեփական տարածքային ամբողջականությունը։
Սեպտեմբերյան իրադարձություններից երկար ժամանակ չի անցել, և Ռուսաստանի հնարավորություններում էլ որակական փոփոխություններ չեն արձանագրվել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել