40 հազար զոհ և 300 ավիրված բնակավայր... 130 տարի առաջ ժայթքեց Կրակատաու հրաբուխը, որը գտնվում է Ճավա ու Սումատրա արշիպելագների արանքում: Այս աղետը ազդեցություն ունեցավ ողջ աշխարհի վրա.

- 1883 թվականի օգոստոսի 27-ին Ցեյլոն կղզու նավահանգստում հսկայական ալիքը բաց ծով տարավ այնտեղ գտնվող մի կնոջ:

- Բրիտանիայում և Ֆրանսիայում դիտվում են անոմալ տեղատվություններ և մակընթացություններ:

- Խաղաղ օվկիանոսում գտնվող բրիտանական Ռոդրիգես կղզու ոստիկանապետը հրաբուխի որոտը ընդունել էր թնդանոթների համազարկի տեղ:

- Օնտարիո լճի մոտ գտնվող նկարիչ Ֆրեդերիկ Էդվին Չըրչը, ով հայտնի էր բնությունը սուր զգալու համար, հավերժացրել էր կտավի վրա մի մայրամուտ, որպիսին տեղաբնակները երբեք չէին տեսել նախկինում:


- Գիշերային երկնքում երևացող վառ գույների պատճառով Նյու Յորք նահանգի քաղաքներից մեկի հրշեջ հաշվարկը դուրս էր եկել «դեպքի վայր»՝ կարծելով, որ հրդեհի հետ գործ ունեն:

Գլոբալիզացման առաջին նախանշանները բազմազան էին, բայց բավականին ժամանակ պահանջվեց, որպեսզի մարդիկ գիտակցեն, որ Ինդոնեզիայում ժայթքած հրաբուխի, Լոնդոնում երկու նավահանգստային աշխատակիցների մահվան, հսկայական օդային ալիքների, հյուսիսային կիսագնդում մթնոլորտային ճնշման կտրուկ անկման մասին լուրերը սերտորեն փոխկապակցված են: Պատճառներից մեկն էլ նրանում էր, որ ստորջրյա միջմայրցամաքային կաբելով ուղարկվող տեղեկությունները ավելի շուտ էին տարածվում, քան աղետի իրական հետևանքները:

«Կեսգիշեր և կեսօր»

130-ամյա վաղեմության այս աղետի ականատեսները նկարագրում են այն ինչպես բիբլիական ապոկալիպսը. «Խիստ տապը այրում էր մարդկանց... և մեկ տաղանդ մեծությամբ կարկուտը թափվեց մարդկանց գլխներին երկնքից»: Ամերիկյան «W.H.Besse» եռակայմ նավի սպաներից մեկը նկարագրել է, թե ինչ էր կատարվում, երբ իրենց նավը հայտնվել էր տարերքի գոտում. «Դա կեսգիշեր էր՝ կեսօրին: Քամու ուժգին պոռթկումից հետո սկսվեց մոխրի անձրև, և այնքան տոթ էր, որ գրեթե անհնար էր շնչել: Հրաբխի կողմից սարսափելի որոտ էր գալիս, իսկ երկինքը լի էր կայծակներով... Դրանք ամենասահմռկեցուցիչ վայրկյաններին էին, որոնք միայն կարելի է պատկերացնել: Բոլորը վստահ էին, որ եկել է աշխարհի վերջը»:
Ժայթքումից մի քանի շաբաթ առաջ երկրաշարժ էր տեղի ունեցել և հրաբխի շրջակայքում ծուխ էր նկատվում, իսկ օգոստոսի 27-ի առավոտյան` ժամը 10:02-ին, սկսվեց տարերային աղետը: Կղզին, որի վրա գտնվում էր հրաբուխը, պայթեց Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբից 10.000 անգամ ավելի հզոր ուժով: 13 խորանարդ կիլոմետր հրաբխային մոխիր ու հալված քարեր կրակվեցին ստրատոսֆերա և ցրվեցին 4 միլիոն քառակուսի կիլոմետր մակերեսով: Այդ մակերեսի քառորդ մասում մի քանի օր շարունակ գիշեր էր տիրում:

Պայթյունի որոտը լսվել էր ավստրալիական Պետրայում և Մադագասկարում: Հրաբխից 6 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մարդկանց թմբկաթաղանթները պայթել էին: Ժայթքումից առաջացած պայթյունի ալիքը 7 անգամ պտտվել էր մոլորակի շուրջ, իսկ պայթյունի արձագանքը տևել էր ամբողջ 15 օր, բայց ամենասարսափելին առջևում էր:


Դիակներ՝ պենզայից լաստերի վրա

800 մետր բարձրությամբ սարի պայթյունից առաջացած խոռոչի մեջ անմիջապես ծովն էր լցվել, ինչի արդյունքում առաջացել էր 40 մետր բարձրությամբ ցունամի, որը սլացել էր դեպի առափնյա գոտի: 300 բնակավայր բնաջնջվել էր, բազմաթիվ նավեր նետվել էին ափ: «Ճավայի արևմտյան ափը հիմնովին քանդված էր Մերակայից մինչև Տյարինգինա», - հայտնում էր Բատավիայի բրիտանական հյուպատոսը: «Չավիրված միակ քաղաքային թաղամասը վեր է ածվել ճահճի», - շարունակում էր հյուպատոսը: Աղետից դեռ ամիսներ անց ծովը ափ էր նետում պենզայից լաստեր՝ դիակներով ծածկված:

Այնուհետև ցրտեց: Կրակատաուի մոխիրը ծածկել էր երկրի մակերևույթը և երկար տարիներով թուլացրել էր արևի ջերմությունը տարածաշրջանում: Հյուսիսային կիսագնդի միջին տարեկան ջերմաստիճանը նվազեց 0,8 աստիճանով: Որպեսզի հասկանալի լինեն այն օրերի այդ կատակլիզմի մասշտաբները, բերեմ երկու մերօրյա օրինակ: 1992-ին Ֆիլիպիններում գտնվող Պինատուբո հրաբուխի ժայթքման ժամանակ մթնոլորտ էր նետվել 7 խորանարդ կիլոմետր մոխիր, իսկ Հնդկական օվկիանոսի առափնյա գոտում այդքան ավերածություններ պատճառած 2004 թվականի ցունամու բարձրությունը ընդամենը 7 մետր էր:

Տեղի հոլանդական գաղութարար իշխանություններն այդպես էլ չկարողացան ինչ-որ էական քայլեր ձեռնարկել հրաբխի հետևանքները վերացնելու գործում, ինչը էլ ավելի սրեց տեղաբնակների բացասական տրամադրվածությունը գաղութարարների նկատմամբ, իսկ մնացյալ աշխարհը հետևում էր Ինդոնեզիայի դժբախտությանն` ասես թատերականացված ներկայացման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել