Արցախի իշխանություններն Ալիևի հրահա՞նգն են կատարում

Ադրբեջանի Պետական կոմիտեն խորհրդակցություն է հրավիրել ու քննարկել Բերձորը, Աղավնոն ու Սուսն ադրբեջանցիներով հնարավորինս շուտ բնակեցնելու հարցը: Միաժամանակ Ալիևն էր հայտարարել, որ իրենք վերադառնալու են նշյալ բնակավայրեր՝խոստանալով ազերիներին վերադարձնել «իրենց տները»:

Ազերիները, իհարկե, բավական սկզբունքային են, ինչն է՛լ ավելի է ընդգծում Նիկոլի անսկզբունքայնությունը: Ասում են, օրինակ, որ Բերձորի, Սուսի, Աղավնոյի բնակիչներին, որոնց հրահանգվել է չայրել իրենց տները, եթե ուզում են օգտվել ինչ-ինչ արտոնություններից, հիմնականում մտադիր են վերաբնակեցնել Սյունիքում: Նույնիսկ ասում են՝ մարզում ազատ տների հաշվառում է արվում, ու ստիպում են տնատերերին 60000 դրամով դրանք վարձակալության հանձնել:

Հարց է ծառանում, սակայն, թե ինչո՞ւ են Լաչինի գյուղերի հայ բնակչութանը առավելապես Սյունիքում որոշել բնակեցնել, երբ խնդիր կա՝ Արցախի մնացյալ հատվածը կենդանի պահելու, այնտեղ ապրող արցախցիների թվաքանակը մեծացնելու, որ հողը չկորչի: Օրինակ՝ Ալիևը, շատ լավ հասկանալով վերաբնակեցման կարևորությունն ու դրա նույնիսկ աշխարհաքաղաքական արժեքը, կարծես ոտուձեռ է ընկել ու ուզում է մեկ րոպե շուտ Լաչինը լցնել իր նմաններով: Հետաքրքիր է՝ սեփական իշխանությունների ձեռամբ տեղահանվող հայերին, որոնց տները պատրաստվում են տալ թուրքերին, ինչո՞ւ նույն այդ իշխանությունները չեն ցանկանում տեղավորել այնտեղ, որտեղ ամենից շատ կա հայ բնակչության կարիքը: Ալիևը հասկանում է հարցի կարևորությունը, մերոնք ո՞չ:

Բնավ բացառված չէ, որ Լաչինի գյուղերի բնակիչներին Սյունիք տեղափոխելու ծրագրերը թելադրված են հենց ազերիների կողմից՝ նկատի ունենալով նրանց շահագրգռվածությունը՝ հնարավորինս քիչ հայ տեսնելու Արցախում: Հակառակ պարագայում անբացատրելի է թվում խնդրին նման մոտեցումը՝ նկատի ունենալով մարտահրավերների բնույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել