Պուտինի այցը Ադրբեջան հազարավոր հոդվածների առիթ դարձավ, և գրեթե բոլոր հոդվածներում շեշտվում էր ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների ջերմացման մասին: Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ, ինչքան մեզ է թվում, ընդամենը մի քանի օր է անցել այդ այցից հետո, և ահա ադրբեջանական մամուլը տագնապած տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ ԴՄԾ-ն լրացուցիչ անցակետ է տեղադրել ռուս-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում: Ադրբեջանական լրատվամիջոցներն ընդգծում են, որ իրավիճակը սահմանին բարդացել է Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո: Ռուսաստանի սահմանն անցած ադրբեջանցիները լրատվամիջոցներին պատմել են, որ սահմանին սպասել են 4 ժամ: Իսկ վաճառականներն առհասարակ անցակետում օրեր շարունակ սպասում են:

Հարգելի´ ընթերցողներ, ի՞նչ է սա նշանակում: Եթե սա լիներ սովորական մերթընդմերթ սահմանային խստացում, ապա ես հակված չեմ այն մտքին, որ ադրբեջանցիները այսպիսի հիստերիա կբարձացնեին: Ամբողջ զավեշտը նրանում է, որ խոսքը գնում է ոչ թե սովորական ժամանակին գործող անցակետի մասին, այլ նոր լրացուցիչ սահմանակետ դնելու մասին: Միգուցե սա նշանակում է, որ Ալիևը շատ շուտ էր սկսել ուրախանալ Պուտինի այցով, միգուցե ադրբեջանցիներին 1 մլրդ-ի զենքի վաճառքը իսկապես բիզնես էր: Համենայն դեպս, այս փաստը մտորելու տեղիք է տալիս, քանի որ հենց այնպես խստացումներ չեն լինում, այն էլ Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ, չէ՞ որ սա յուրահատուկ ապտակ էր Ալիևի դեմքին… Պուտինի վարած արտաքին քաղաքականությունը ընդհանրապես շատ դժվար է կռահել, և շատ ճիշտ են համաշխարհային ճանաչում ունեցող վերլուծաբանները, երբ նրա մասին ասում են. «Եթե Պուտինի վարած ներքին քաղաքականությունը բաց գիրք է, ապա նրա վարած արտաքին քաղաքականությունը կարելի է համարել դեռ չտպագրված գիրք…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել