Ռուս-Ուկրաինական պատերազմի շրջադարձային կետը պետք է դառնա ճակատամարտը Դոնբասի համար, որի նախապատրաստական փուլը կողմերը մոտեցնում են ավարտին ու նույնիսկ կարելի է արձանագրել դրա առաջին փուլի մեկնարկը։ Արդեն իսկ ներգրավված ուժերի քանակը թույլ է տալիս ասել, որ այս ճակատամարտը լինելու է թերևս Երկրորդ աշխարհամարտից հետո տեղ գտած ամենախոշորը։
Այս պահի դրությամբ շատ մոտավոր հաշվարկներով Ուկրաինան պատրաստվում է դաշտ հանել մինչև 200.000, իսկ ռուսական կողմերն՝ արդեն շուրջ 100.000 ռազմիկ։ Ընդ որում, երկու կողմերը շարունակում են ուժերի կենտրոնացումը գործողությունների հիմնակական թատերաբեմում։
Հիմա արդեն կարելի է մոտավոր ուրվագծել էլ, թե ճակատամարտն ինչ տրամաբանության ներքո պետք է զարգանա ու այն բավականին նման է Կուրսկի ճակատամարտին, պարզապես, կարելի է ասել՝ դերերը փոխվել են. ռուսների զուտ ռազմական դիսպոզիցիան նման է 1943 թվականի գերմանականին, իսկ ուկրաինացներինը՝ խորհրդայինին: Շփման գծի առկա կոնֆիգուրացիան առաջացրել է Դոնբասի մեջ մխրճված մեծ ելուստ, որն ասես ռազմագիտության դասագրքերից լինի ու պարզապես պահանջի, որ իրեն կտրեն թևերից հասցվող հարվածներով։ Այս պահի դրությամբ արդեն հստակ նշմարվում են հիմնական հարվածների ուղղությունները թևերում. հյուսիսց դա Իզյումն է, որտեղ արդեն սկսվել է որոշակի զգուշավոր առաջխաղացում դեպի Բարվենկովո ու Սլավյանսկ, իսկ հարավում, ըստ ամենայնի, պլացդարմը կլինի Գուլյայպոլեն։
Բուն ճակատամարտն ու հիմնական մարտական գործողությունները երևի կսկսվեն առաջիկա 7-10 օրում, հնարավոր է՝ նույնիսկ ավելի շուտ։ Ռուսական կողմերի համար իդեալական տարբերակը սկզբի համար կլինի այն, որ արագ ավարտեն Մարիուպոլի գրավումը ու ազատված ուժերը կենտրոնացնելով Գուլյայպոլեի հատվածում՝ միաժամանակյա հզոր հարձակում սկսեն Հարավից ու Հյուսիսից։ Ռուսների համար կարևոր է շատ չձգձգել օպերացիայի սկիզբը, որպեսզի իրոք չհայտնվեն այն վիճակում, որում հայտնվեցին գերմանացիները՝ Կուրսկի ճակատամարտի ժամանակ, երբ օպերացիայի ձգձգումը թույլ տվեց Կարմիր բանակին ուժգին ու բազմաշերտ պաշտպանական ենթակառուցվածքներ ստեղծել ու հսկայական ռեզերվներ կենտրոնացնել, որոնց համադրության հաշվին էլ սկզբում ձախողեցին գերմանական հարձակումը, հետո անցան հակահարձակման ու ջախջախեցին հակառակորդին։
Եթե ուշադրություն դարձնեք վերջին օրերին ռուսական հրթիռային հարվածների տրամաբանությանը, ապա կտեսնեք, որ նրանք հիմնականում թիրախավորում են վառելիքի մեծ պահեստներն ու երկաթուղային կարևոր հանգույցները։ Սա ամենևին պատահական չէ։ Նրանք փորձում են նախ խաթարել անդադար շարունակվող զորաշարժը Ուկրաինայի տարբեր մասերից՝ դեպի արևելյան ճակատ ու ճակատամարտը դեռ չսկսած՝ առաջացնել վառելիքային ճգնաժամ, որպեսզի անգամ տեղ հասած զրահատեխնիկայի մեծ խմբերը խիստ սահմանափակված լինեն ինքնուրույն մանյովրներ իրականացնելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմը շարունակում է ինտենսիվ կերպով համալրել իր զորախմբերը՝ ի հաշիվ Կիևի շրջանից դուրս բերված և Ռուսաստանի խորքերից բերվող թարմ ստորաբաժանումների։
Ուկրաինացիներն իրենց հերթին պարապ նստած չեն ու չեն սպասում, թե երբ բանը բանից կանցնի, որովհետև իրենք էլ են այդ ռազմագիտական դասագրքերը տեսել ու իրենք էլ հնարավորություն ունեն տեսնելու ռազմական գործողությունների քարտեզը, էլ չասեմ հետախուզության ու օբյեկտիվ դիտարկման համակարգերի մասին։ Զորքերի կուտակմանը զուգահեռ, նրանք ակտիվ պաշտպանություն են իրականացնում հյուսիսում՝ թույլ չտալով, որպեսզի ռուսները նասկոկով դուրս գան օպերատիվ խորություն, որտեղ ուկրաինացիները էլ չունեն այնպիսի հզոր պաշտպանական ենթակառուցվածքներ, ինչպես բուն ռազմաճակատում է։ Սրա մասին վկայում են հանդիպակած մարտերի մի քանի դրվագներ, որոնք տեղ են գտել վերջին օրերին։ Զուգահեռ, կարևորագույն դեր են խաղում Մարիուպոլի պաշտպանները, որոնց շահած ամեն օրը օդի ու ջրի պես պետք են Ուկրաինային, որովհետև, ինչպես արդեն նշեցի, Մարիուպոլի անկումը թույլ է տալու մի քանի օրում հարվածային բռունցք ձևավորել հարավային թևի վրա։
Ընդհանուր, եթե ամփոփենք վճռական այս ճակատամարտի նախաշեմին ստեղծված իրավիճակը ու գնահատական տանք կողմերի վիճակին, ապա կարելի է հանգիստ ասել, որ ռուսները կղանքի մեջ են, իսկ ուկրաինացիները՝ կղանքի քառակուսու։ Ռուսների առավելություններն են ավելի ժամանակակից սպառազինությունը, ավելի լավ պատրաստված բանակը, օդային գերակայությունը ու առաջին փուլում գրանցած լուրջ ռազմական հաջողությունները, իսկ թերությունը առաջին հերթին սահմանափակ թվակազմն է ու լուրջ ռեզերվների բացակայությունը, քանի որ առ այսօր Ռուսաստանում առնվազն բաց զորահավաք չի հայտարարվել։ Ուկրաինայի առավելությունը նախևառաջ կենդանի ուժի թվային առավելությունն է ու մոբիլիզացիոն դեռևս անսահմանափակ հնարավորությունները, ինչպես նաև՝ ԶՈւ բավականին բարձր մոտիվացվածությունը։
Այս հանգամանքների հանրագումարը թույլ չեն տալիս այս պահին վստահորեն պնդել, որ կողմերից որևէ մեկի հաղթանակը ու առավել ևս՝ ջախջախիչ հաղթանակը երաշխավորված իրողություն է, բայց երկու բան կարելի է ասել մեծ վստահությամբ. այս ճակատամարտը լինելու է խիստ արյունալի ու կողմերը ունենալու են հազարավոր, եթե ոչ տասնայակ հազարավոր զոհեր, և որ ավելի կարևոր է՝ ճակատամարտի արդյունքը գրեթե կանխորոշելու է պատերազմի հանգուցալուծումը։
May be an image of map and text that says золочев харьков 6 апреля 2022 г. 00:15 чугуев полтава балаклея изюм бражковка лисичанск лиман барвенково, павловград замуловка северодонецк первомайское славянск новомосковск непропетровск луганск новобахмутовка курахово донецк запорожье великая новоселка шахтерск урожайное гуляйполе орехов энергодар мариуполь
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել