Hetq.am-ը գրում է.

Մարտի 3-ին Երեւանում վայրէջք կատարած ռուսական «Սիբիր» ավիաընկերության «Airbus A320neo» ինքնաթիռին (գրանցումը՝ VP-BSL) արգելվեց վերադառնալ Ռուսաստան, ավելի ուշ օդանավը մեկնեց Եվրոպա, «Սիբիրը» զրկվեց դրանից։ «Հետքը» տեղի ունեցածի վերաբերյալ որոշ մանրամասներ է իմացել ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։

Ինչպես հայտնի է, ռուսական օդանավն իրականացնում էր Նովոսիբիրսկ-Երեւան չվերթը։ Թռիչքի ժամանակ օդանավն անցել էր Ղազախստանի երկնքով, հատել Կասպից ծովն ու մտել Դաղստանի օդային տարածք, ապա պատրաստվում էր Վրաստանի երկնքով մտնել Հայաստան, բայց Վրաստանի սահմանը չհատած՝ թեքվել էր դեպի Միներալնիե Վոդի։ Այստեղ վայրէջք կատարելուց 40 րոպե անց օդանավն, այնուամենայնիվ, ուղղություն էր վերցրել Երեւան, որտեղ հասել էր Վրաստանի երկինքն անցնելուց հետո, բայց «A320neo»-ին ՀՀ ավիացիոն իշխանությունները չէին թույլատրել իրականացնել Երեւան-Նովոսիբիրսկ հետադարձ չվերթը։

Մարտի 4-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարեց, որ «Զվարթնոց» ժամանելուց ժամեր առաջ, երբ օդանավը դեռ գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել «A320neo»-ի (VP-BSL) թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ, որոնք առնչվում են դրա շահագործող «Սիբիրի» եւ օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների, ինչպես նաեւ օդանավի վարձատուի (լիզինգատուի) հարաբերություններին։ ՔԱԿ-ը հավելել էր, որ ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է դրա թռիչքի թույլտվությունը:

«Հետքը» գրել էր, որ օդանավը գրանցված է ոչ թե Ռուսաստանում, այլ Կարիբյան ծովում՝ Բերմուդներում։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեին հարցրել էինք, թե արդյոք Երեւան-Նովոսիբիրսկ թռիչքի թույլտվության դադարեցման պատճառը Բերմուդների ավիացիոն իշխանությունների կողմից VP-BSL-ի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը չեղարկելն է։ Պարզվում է՝ այո, իսկ չեղարկման պատճառն իր հերթին պայմանագրի խզումն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել