Հետպատերազմական շրջանում հայատյացության ադրբեջանական քաղաքականության նոր զարգացումների, վտանգների վերաբերյալ արտահերթ նոր զեկույցի ասուլիսի ձայնագրությունը։

Զեկույցի հիմնական հետևություններն են՝
1) Պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները շարունակում են ատելության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը:
2) Այն ունի 2 հենասյուն՝ էթնիկ ու կրոնական:
3) Դա ոչ միայն ու ոչ այնքան հռետորաբանություն է, որքան տարիներով կենսագործվող իրական քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն): Ուստի, ճիշտ չէ խոսել միայն հռետորաբանությունից:
4) Հենց այս քաղաքականությունն է պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ու դրանից հետո Հայաստանում ու Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ պատերազմական հանցանքների ու տարբեր դաժանությունների իրական աղբյուրը:
5) Ատելությունն ու թշնամանքի քարոզը ադրբեջանական իշխանությունների համար քաղաքական կյանքի աղբյուր է, ներքին խնդիրներից սեփական ժողովրդին շեղելու միջոց. այն չի նվազել ու չի նվազելու:
6) Կրոնական հիմքով ատելությունը ձեռք է բերում նոր խիստ վտանգավոր զարգացումներ` հայ ժողովրդին բացարձակ անհիմն մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ: Սա էլ իր հետ բերում է եկեղեցիներ ոչնչացնելու, դրանց հայկական պատկանելիությունը ջնջելու, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների նոր դրսևորումներ:
Զեկույցում պատմական փաստերով ցույց է տրված Հայ եկեղեցու, մեր ժողովրդի իրական հարգանքը իսլամի նկատմամբ:
7) Ադրբեջանական ատելության քաղաքականությունը թշնամանքի մեջ է պահում երկու ժողովուրդներին ողջ աշխարհում, և այն վտանգավոր է նաև այլ երկրների համար, որտեղ ապրում են հայեր ու ադրբեջանցիներ:
8 ) Խաղաղարարության ադրբեջանական կոչերը չունեն ազնիվ մղումներ, կեղծ են և շղարշ են արտաքին աշխարհի համար:
Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, թշնամանքն ընդունելի չէ, բայց մի կողմի իրավունքների հաշվին իրական խաղաղություն չի լինում, խաղաղություն չի նշանակում ատելություն: Ուստի, չպետք է մոռանանք այս ամենի մասին. մեզ պետք են մեր իրավունքների պաշտպանության իրական երաշխիքներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել