«Դուք քաղաքականութեան մէջ չպէտք է խառնուէք, դուք միայն հոգեւոր նիւթերի մասին խօսէք քարոզէք..»։ ասում են ոմանք միշտ։
---------------
Մի փոքրիկ նշմար, յատուկ չհասկացողներին համար։
Քաղաքականութիւն (POLITICS) եւ Հայրենիք (NATION) սահմանումները լիովին տարբեր բաներ են, եւ որքան որ կարելի է, պէտք է մի շարք մարդոց հասկացնել թէ քաղաքականութիւնն ու հայրենական լինել չլինելու հարցերը, լիովին տարբեր են մին միջ յարաբերակցական իսկ միւսը ազգային գոյութենական։
Սահմանադրական բոլոր իրաւունքները ունենալով հանդերձ՝ չգրուած օրէնքով հասկանալի է թէ ինչու հոգեւորականներ ընդհանրապէս եւ ի պաշտօնէ քաղաքականութեան մէջ պէտք չէ միջամուխ լինեն։ Միացնող տարր լինելու եւ այս ու այն կողմին չսատարելու համար։ ԻՆչպէս Պօղոս առաքեալն է ասում, ամէն ինչ կարելի է, բայց ամէն ինչ չէ որ օգտակար է։
Բայց, մի քանի քարագլուխներին կամ այլ տեղերում աղանդաւորներից ազդուած, կամ հենց նիկոլական աղանդի մէջ գտնուողներին պէտք է բացատրել որ մեր առաքելութիւնը որպէս հոգեւորական՝ այո, Քրիստոս քարոզել է։ Ու նորի՛ց եմ կրկնում, Քրիստոս քարոզել, ու մանաւանդ այդ կեանքը ապրել։
Բայց երբ հայրենիքդ վտանգի տակ է, հարցը այլեւս քաղաքականութիւն չէ, կամ այս ու այն կողմին սատարելը չէ։ Այլ երկիրդ պաշտպանել չկարողացող, թուրք թշնամիներին լեզուները կտրել չկարողացող, Ալիեւին պատասխան տալը չկարողացող, Սիւնիքի, Զանգեզուրի սահմաններից ներս թափանցող թուրքերի դէմ պաշտպանել չկարողացող, ամէն օր տանջուող գերիները վերադարձնել չկարողացող, իր սեփական ժողովրդից թաքնուած ու անգոյ ու մեռեալ կառավարութեան մասին է։
Այսինքն կործանուող երկրի անուանական կառավարութեան մասին է խօսքը, Հայաստանը փլուզւում է ամէն առումով, սրանք անունը դրել են «քաղաքականութիւն»։
Քաղաքականութիւն նշանակում է, այս կամ այն կողմին մունետիկը լինել։ Իսկ մենք բոլորս, հոգեւորական թէ աշխարհական, ՀԱՅՐԵՆԻՔԻ կողմն ենք եւ ոչ թէ այս կամ այն կուսակցութեան կամ խմբակցութեան մունետիկը, պաշտպանը կամ սատարը։ Չմոլորուենք. հարցը բոլորիս համար, շատ պարզ ու շատ յստակ է։ Այսօրուան իշխանութիւնը հայրենիք վաճառեց ու կորցրեց ամէն լիազօրութիւն երբ յայտնի ու դեռ անյայտ պատճառներով Արցախը յանձնեց թուրքերին։
Թուրք Ալիեւը բացայայտ յայտարարեց «Սիւնիքը, Սեւանը Երեւանը մերն է», «Ադրբեջանական է»։ Իսկ Արտգործ նախարարութիւնը, կամ ժողովրդի ցասումից թաքնուած «քաջարի», «ժողովրդի վարչապետ» կոչեցեալ մեռեալը ձայն հանո՞ւմ է, գոյութիւն ունի՞, թէ միայն ուժայիններին յենած իր ժողովուրդի արդար ձայնին դէմ է աքլորանում։
Աւելի բարձր ասե՞մ.. Դուք ընդհանրապէս պետութիւ՞ն էք թէ համաշխարհային ոտնատակի փալաս ու գորգ...։ Հայաստանում ուժային կառոյց, մարդ ու բանակ կա՞յ թուրքին դէմ դնելու.. թէ ձեր ուժը (ստաբարոյ դուխը) փողի ու պաշտօնի սիրոյն, միայն անզէն ժողովրդի դէմ գիտէք օգտագործել դաւաճանը պաշտպանելու համար..։
Այսինքն երբ ամբողջ երկիրդ քիչ-քիչ վերցնելու են մեզնից ու Հայաստանը քարտէսից ջնջելու , դուք մտածում էք, որ ներկայ մեռեալը աւելի լաւ է քանի այսօր իմ ՏԱՆՍ ՀԵՏ խնդիր չկայ։ Որքան ժամանակ որ սեփական տունս ապահով է.., խնդիր չունեմ..։ Թող սահմանները ուրիշները պաշտպանեն։
Ու վերջը ասում են հոգեւորականներ ինչի՞ են խօսում։ Հոգեւորականներ խօսում են որովհետեւ հոգեւորականներ հոգեւորական լինելու կողքին նախ Հա՛յ են, քաղաքացի են, հայրենասէր են, պաշտպան են, ՀԱՅՐ են իրենց ժողովրդին, եւ ոչ թէ բարոյականի եւ Աստուածաշնչի մասին բերնից գեղեցիկ ձայներ հանող զգեստաւորներ....։ Ու լռելը այս պարագայում դաւաճանութեան մեղսակից, ու Աստուծոյ աչքին վարձկան լինելն է։
Ահա թէ ինչու նախապէս գրեցի որ մեր ազգը ահռելի կարիքը ունի ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ։ Ու միայն հասկացողները հասկացան այդ փոքր ու միաժամանակ մեծ կէտը։
Բռնապետ ճանաչելու համար, առաջին բանը զոր մարդ պէտք է ունենայ, մարդկային բանականութիւնն է եւ ոչ թէ ստամոքսային քաղաքականութիւնը եւ կոյր հետեւորդութիւնը, ստրկական յիմարութիւնը եւ ոմանց անսահմանափակ անձնասիրութիւնը։
Ձեր նահատակների աչքերի մէջ նայէք…։ Ձեր երկիրն էք կորցնում, ու մեր համար որպէս հոգեւորական խնդիրը ա՛յն է որ կառավարութիւն ու բանակ չկայ Հայաստանի սահմանների իւրաքանչիւր սանտիմետրը քաջաբար պաշտպանող..։
Քրիստոս քարոզել միշտ կայ մեր մօտ ու մանաւանդ իմ համար բազմամեղիս։ Քանի որ դա է իմ առաջնային առաքելութիւնը որպէս առաքեալների շառաւիղ առաքեալ 21-րդ դարում..։ Բայց հիմա առաջնահերթութիւնը հայրենիքի անվտանգութիւնն է ։ Ամէն բանի ժամանակ կայ ասում է Աստուածաշունչը, հիմա հայրենիք փրկելու ժամանակն է, որ պէտք է հասկանալի դառնայ, տանը նստած ֆէյսբուքի հերոս «քաղաքականութիւն» հոլովողներին։
Երբ երկիրը վտանգուած է մեզ մի՛ քարոզէք թէ. «Քրիստոս քարոզիր, ու մի խառնուիր»։ Քանի ուշ չէ, եթէ հոգեւոր հայրերն էլ լռեն ու ձեզ չզգաստացնեն, ձեր քունից ձեզ արթնացնելու են ԹՈՒՐՔԵՐԸ…։ Ու այն ժամանակ ամէն բան ուշ պիտի լինի։ Յիշենք որ նրանք այդ սպառնալիքները հենց այսօր են ասել Բաքվում, Թուրքիայի նախագահի հետ միաբերան։
Ձեր ազգի նաւը՝ այսինքն Հայաստանը, Տիտանիկ նաւի նման ընկղմում է։ Աշխատէք ազգի նաւը փրկել քանի ուշ չէ, եւ ոչ թէ կուրաբար պաշտպանել փախուստի պատրաստուող պոռոտախօս, անկարող, խեղկատակ, բաժանարար, ստախօս, հայրենածախ, վարձկան ներկայ «նաւապետին»։
Չնայած Տիտանիկի նաւապետը ո՜ւր, եւ սա ո՜ւր… Տիտանիկի նաւապետ Սմիթհը մեծադիր պատիւ ունէր…։ Ու իր խորտակուող նաւին, հետ պատուով գնաց ջրերի տակ, մնաց որպէս սխալական մարդ, բայց պատիւ ունեցող քաջ նաւապետ եւ ոչ թէ վարձկան…։
Տ. Սերոբ քահանայ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել