Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացել, որ, այսպես ասած՝ քրեական հեղինակություն համարվող մի քանի անձ նոյեմբերի 16-ին պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել։

Հավաստի տվյալներ կային նաև, որ նրանք ապօրինի զենք-զինամթերք ունեն, և հնարավոր է, որ պարզաբանումներն ավարտվեին զինված բախումով, ինչը կանխվեց։

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ նոյեմբերի 16-ին, ժամը 18,15-ի սահմաններում, Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն ու հատուկ նշանակության գումարտակի ծառայողները մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում հայտնաբերեցին ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին երեք տղամարդու՝ 35, 37 և 39 տարեկան, երեքն էլ Երևանի բնակիչ։

Խուզարկությամբ նրանցից մեկի մոտից հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ 6 փամփուշտով։ 37-ամյա տղամարդը, ում մոտից հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերքը, ձերբակալվել է։ «Տոյոտան» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել