ՀԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է, ՔԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ԳԾՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ:
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՐՓԱԿՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ԳԾՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԵՋ: ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՇԱՏ ԱՎԵԼԻՆ Է, ԻՆՉՊԵՍ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ Է ՄԵՐ ԱՍՏՎԱԾ:
Գարեգին արքեպս.Հովսեփյանը. որ հետագայում դարձավ Կիլիկյո Կաթողիկոս, Կարսի անկումը համարում էր իր կյանքի մեծագույն դժբախտության օրը:
Ես եւ երեւի ինձ նման շատերը, կհամարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, իրենց կյանքի ամենադժբախտ օրը:
ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԸ ԿՀԱՄԱՐԵ՛Ն:
Անհասկացողները չեն համարի: Նրանք, որոնց աստվածն իրենց որովայինն է, իրենց որկորն է, եւ իրենք ապրում են միայն կուշտ լինելու համար, նրանք չեն հասկանա:
Կհասկանան այն մարդիկ, ովքեր գիտեն Հայրենիք կորցնելն ինչ է նշանակում:
Ես քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ: Բայց Հայրենիքի կորստի հետ էլ՝ հաշտվելու հնարավորություն չունեմ:
ԵՍ ԻՄ ԱՊՐԵԼՈԻ ԻՄԱՍՏՆ ԵՄ ԿՈՐՑՐԵԼ:
ԵՍ ԻՄ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ ԿՈՐՑՐԵԼ:
ԵՍ ԻՄ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԵՄ ԿՈՐՑՐԵԼ:
Եւ եթե Աստված ինձ հույս չտա շարունակել պայքարը ի փառս Աստծո, Հայ Եկեղեցւո եւ հանուն Հայրենիքի, ես ապրելու իմաստ չեմ տեսնում:
Զարմանում եմ եւ միեւնույն ժամանակ զայրանում, որ հայ ժողովրդի մեջ կան մարդիկ, որ ասում են՝ «...վաղուց պետք է տայինք ու պրծնեինք: Ինչ լավ եղավ տվեցինք պրծանք:»
ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԽԻՍՏ ԿԱՍԿԱԾ ՈՒՆԵՄ...
Հետեւաբար մենք այսօր վշտի խորխորատում ենք: Վիհի մեջ ենք, բայց պիտի նայենք դեպի Վեր, դուրս գալու համար այդ անդունդից:
Մեր դժբախտությունն այն է եղել, որ խոսքով պատրաստ եղել ենք զոհաբերվել, բայց գործով ՝ ոչ: Գործով զոհաբերվելուց միշտ խուսափել ենք, միշտ մտածել ենք, որ կողքի հարեւանը պետք է անի այն, ինչ որ մեզանից է ակնկալվում:
Հայ ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ՝ Գարեգին Նժդեհն ասում էր.
«Երկու սյուներ կան որոնց վրա պետք է կառուցվի ինքնությունը՝ Աստված եւ Հայրենիք:»
Ես կուզենայի մենք բոլորս հասկանայինք, որ Աստծո եւ Հայրենիքի առջեւ մեր բոլորի մեղանչումների, սխալների, թերացումների պատճառով է, որ այսօր այս վիհի մեջ ենք: Մենք մեր ձեռքերով կերտեցինք մեր ներկան: Բայց եթե մենք վերադառնանք Աստծուն եւ Հայրենիքին, եւ մեր անձնական կյանքից, եւ մեր անձնական բարեկեցությունից, եւ մեր անձնական շահից ու հաջողություններից ավելի վեր դասենք Աստծուն եւ Հայրենիքին ծառայությունը, մենք կկարողանանք այս փոսից դուրս գալ եւ մեջքներս ուղղել:
Եթե պետք է շարունակենք մեր անձնական բարեկեցությունը փնտրել, մեր անձնական շահի հետեւից գնալ, մեր օրվա հացի, տուն պահելու հետեւից գնալ, մտածելով, որ վերջինս գերագույն նպատակն է մեր, մենք կշարունակենք խաբվել եւ պարտվել:
Հետեւաբար, այս երեսուն տարիների դեգերումներից հետո, ժամանակն է դառնալ դեպի մեր ճշարիտ Աստվածը եւ դեպի մեր Հայրենիքը: Դեպի մեր ճշմարիտ Աստվածը, որ ներկայանում է մեր Տեր Հիսուս Քրիստոսով, մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու ճանապարհով, եւ մեր ամբողջական Հայրենիքը, մեր հոգու Հայրենիքը, որը չի գծվում միջազգային համաձայնագրերով: Այլ գծվում է մեր հոգու ներկայությամբ այնտեղ, որտեղ մենք համարում ենք, որ ծնվել է մեր հոգին՝ հայ ինքնությունը:
ՀԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է, ՔԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ԳԾՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ. ինչի մասին պարբերաբար ճամարտակում են… ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՐՓԱԿՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ԳԾՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԵՋ: ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՇԱՏ ԱՎԵԼԻՆ Է, ԻՆՉՊԵՍ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ Է ՄԵՐ ԱՍՏՎԱԾ:
Ես վստահ եմ, որ մեր սիրելի ժողովուրդը կգտնի միջոցն ու կերպը մեջքը շտկելու, մեզ հասած այս մեծ փորձությունից հետո: Որովհետեւ այս իրավիճակը մեր սերնդին հասած մեծագույն փորձությունն է:
Մենք մեկդի պետք է դնենք հուսահատությունը, հուսախաբությունը, տխրությունը նաեւ մեր նահատակների համար, որպեսզի չզրոյացնենք նրանց նահատակությունը: Պետք է շարունակենք փնտրել ուղիներ մեր մեջքը շտկելու, կերտելու նոր Հայաստան, Նոր Հայաստանի Հանրապետություն Աստծո նայվածքի ներքո, եւ մեր բոլորի միասնական ջանքերով:
ԱՍՏՎԱԾ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔ:
Շնորհակալություն.
19 դեկտեմբեր 2020թ.
Գերաշնորհ Տեր Միքայել արքեպս. Աջապահյան
Շիրակի Թեմի Առաջնորդ
Սրբազանի ելույթն ընթեռնելի տարբերակի վերածեց՝ Յ.Սանդոյանը
Ուղիղ մեկ տարի է անցել Սրբազան Հոր ելույթից, բայց ոչ մեկն ականջալուր չեղավ Սրբազան Հոր հորդորին:
Հիմա ասեք, Հոգեւոր Հայրերն էլ ի՞նչ պետք է անեին կամ անեն, որ դուք խելքի գաք, դարձի գաք առ Աստված եւ ապրեք աստվածահաճո կյանքով...
Դրա համար էլ ունենք այն ինչ ունենք..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել