Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի նորանշանակ քարտուղար արքեմանդրիտ (վարդապետ) Ալեկսիյ Նիկանորովն այսօր Baku TV-ին տված հարցազրույցում, խոսելով Աղվանքի եկեղեցու մասին (Հայաստանյայց առաքելական եկեղեցու մի թևն է եղել), ասաց հետևյալը․
"Ցավոք սրտի, այնպես է պատահել, որ է եկեղեցին (իմա՝ աղվանականը) ընկնելով ՄԵՐ արևմտյան հարևանների (իմա՝ հայերի) ազդեցության տակ, աստիճանաբար կորցրել է իր ինքնիշխանությունը, իր անկախությունը և արդյունքում՝ զրկվել է և իր առաջնորդից, և իր ունեցվածքից։ Ավելին, լրիվ այլ ժողովրդի (իմա՝ հայերի) կողմից փորձեր են ձեռնարկվել յուրացնելու կովկասյան Աղվանքի եկեղեցու պատմությունը, ինչն իհարկե անարդարացի է։ Այդ պատճառով ես իմ պարտքն եմ համարում զբաղվել այս թեմայով, բարձրաձայնել, լուսաբանել այդ խնդիրները և պատմական աղբյուրների, փաստաթղթերի հիման վրա բացահայտել ճշմարտությունը Ադրբեջանի քրիստոնեական անցյալի մասին"։
Փաստորեն Ռուս ուղղափառ եկեղեցու այս տերտերացուն, ով Ադրբեջանը համարում է իր հայրենիքը, իրեն էլ՝ բաքվեցի ու ադրբեջանական ժողովրդի զավակ, բացահայտ զբաղվում է ադրբեջանական քարոզչությամբ՝ բառացի կրկնելով ադրբեջանական միֆերն ու քարոզչական թեզերը, մեղադրելով մեզ և Հայաստանյաց առաքելական եկեղեցուն Աղվանքի եկեղեցու ուծացման և գլխատման, վերջինիս պատմության և ունեցվածքի՝ ասել է թե՝ Արցախի բոլոր եկեղեցիների ու վանքերի՝ Դադիվանքի, Գանձասարի և մյուսների յուրացման մեջ։
Մնում է հասկանալ՝ սա ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական մոտեցու՞մն է, թե՞ սույն արքեմանդրիտը отрабатывает полученное...
Ի դեպ, բավականին խոսուն է Նիկանորովի հետևի ֆոնը՝ Հեյդար Ալիևի հատորներն են, Իլհամի "հաղթական" քայլքով պատկերը․․․
Որպես ՀԱԵ հետևորդ՝ առնվազն ակնկալում եմ Մայր Աթոռի և ՀԱԵ Արցախի թեմի կոշտ արձագանքը և պարզաբանման պահանջը առ ռուս ուղղափառ եկեղեցի։
Հ․Գ․ Երբ ՀՀ իշխանությունները Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան են համարում, սույն արքեմանդիտը մեր եկեղեցիները աղվանական կհամարի ու կհամարի․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել