Մեկ կենտրոնից ուղղորդված հետևողական քարոզչություն է տարվում հայկական բանակի դեմ` փորձելով հեղինակազրկել սպայական կազմին, գեներալներից մինչև ենթասպա ներկայացնել որպես վախկոտ ու դասալիք։
Միտումնավոր կերպով որևէ վատ բան չի ասվում շարքային զինվորի մասին, քանի որ լավ են հասկանում` զինվորը հանրային լայն զանգվածների ներկայացուցիչն է, իսկ զանգվածներին պետք է սիրաշահել, համոզել, որ նրանք հպարտ քաղաքացիներ են, որոնց դավաճանեցին բանակի սպաները։
Իրականում մենք լավ ենք հասկանում, որ առանց սպայական ճիշտ աշխատանքի ու հրահանգի, շարքային զինվորը որևէ բան անել չի կարող։ Բնական է, որ ռազմական գործողությունների ժամանակ եղել են և միշտ են լինում վատ ծառայող սպաներ, բայց դա համատարած երևույթ չի։ Իսկ ինչո՞ւ են ՀՀ քաղաքական իշխանությանը և արտաքին դրամաշնորհներով դրսին ծառայող ակտիվիստները տարօրինակ զուգադիպությամբ հարվածում հայկական բանակի հեղինակությանը։
Մեկը լուրջ դեմքով "բացահայտում է", թե գեներալները խաբում էին Նիկոլ Փաշինյանին, մեկ ուրիշը ոչ պակաս սկանդալային "բացահայտում" է անում, թե երբ զինվորները Հադրութում զոհվում էին, մեր գեներալները թղթախաղով էին զբաղված, երրորդն էլ "չի կարողանում թաքցնել", որ գեներալները փախչում էին ռազմի դաշտից, իսկ շարքային զինվորները բռնում էին նրանց օձիքից ու ստիպում կռվել։
Սրանք լավ մտածված տեխնոլոգիաներ են, որոնց կիրառմամբ հանրության մեջ խորացվում է անվստահությունը և անլուրջ մոտեցումը բանակի նկատմամբ, իսկ մի բանակը, որին լուրջ չի վերաբերվում անգամ սեփական ժողովուրդը, չի կարող լավ պատրաստվել առաջիկա պատերազմներին։
Բանակը վերջնական կազմաքանդելու օպերացիան շարունակվում է, առաջիկա օրերին սորոսական գրանտ ստացողներից նոր "բացահայտումներ" կլսենք։
Պարզապես ես ուզում եմ մարդկայնորեն հասկանալ այն հայերին, որոնք փողի կամ այլ բանի դիմաց ստանալով նման առաջադրանք, կատարում են այն։ Ուզում եմ հասկանալ, այդ մարդիկ երբևէ ներքին հպարտություն չեն զգացե՞լ մեր բանակի համար։ Արդյո՞ք այդ մարդիկ խղճի խայթ չեն զգում, երբ իրենց հրապարակումներով արատավորում են հայկական բանակի պատիվը։ Ախր դա նույն է, որ կտրես ծառի այն ճյուղը, որի վրա նստած է հարազատ եղբայրդ` լավ իմանալով, որ գուցե ճյուղը քեզ պետք գա որպես վառելիք, բայց դու կորցնելու ես եղբորդ։
Խնդրում եմ, հայկական բանակի մասին բամբասելուց առաջ գոնե մեկ րոպե մտածեք, ծանրութեթև արեք։ Ես նախընտրում եմ հայկական բանակի մասին ասել լավը կամ ոչինչ, իսկ բանակի խնդիրները մենք կարող ենք հաղթահարել այլ կերպ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել