Գործընկերային բարոյականության ու գիտելիքի կիրառման մասին․
«Կենտրոն» հեռուստաընկերությունում Գագիկ Ծառուկյանի շնորհիվ կարիերա արած Պետրոս Ղազարյանը, որ 2018-ից հետո սկսեց աջուձախ անվանարկել Ծառուկյանին ու պաշտել Նիկոլ Փաշինյանին, որի շնորհիվ գնաց Հ1, այսօր պատիվ է արել իմ մասին գրել՝ իր կարծիքով հեգնելով ու որոշ հիստերիկների էժանագին առիթ տալով, որ հիմար մեկնաբանություններ գրեն։
Ինքս մարդկային հարաբերությունները բարձր եմ գնահատում, մանավանդ գործընկերային անցյալը, հետևաբար երբեք Պետրոսի ոչ ադեկվատ կամ իշխանությանը քծնող, պարզունակ հրապարակումներին չեմ արձագանքել այնպես, ինչպես արժանի է՝ հաշվի առնելով միասին աշխատած 9 և ավելի տարիները։
Պատկերացնում եք, չէ՞, թե այդքան տարվա ընթացքում ինչքան բան եմ տեսել ու հասկացել Պետրոսի մասին, ինչքան լավ եմ ճանաչում նրա մարդկային, բարոյական ու մասնագիտական կերպարը, բայց երբեք որևէ կերպ նույնիսկ չեմ ակնարկել, թե ինչ կարծիք ունեմ նրա մասին։ Ի վերջո, բարոյական չեմ համարել գործընկերոջը քննարկել հրապարակային կերպով։
Մարդը քեզ հետ աշխատում է տարիներ շարունակ, ամբողջ ընթացքում հայտարարում, թե դու լավ մասնագետ ես, քեզ բազմիցս դիմում է տարածաշրջանի վերաբերյալ հարցերով, հետո երբ կարծիքները չեն համընկնում, դառնում ես ոչ մասնագետ։ Դա բարոյակա՞ն է։
Հիմա Պետրոս Ղազարյանը հեգնում է, թե Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի և իմ խոսքերը հակասում են իրար՝ կասկած հայտնելով իմ մասնագիտական կարողությունների առումով։
Շատ պարզունակ բացատրեմ։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չէր կարող հրապարակային և պաշտոնապես ասել, որ իրենք ներքին կարգով խնդիր են ստեղծել Ադրբեջանի քաղաքացիական օդանավերի համար։ Եթե այսքան տարիների ընթացքում Պետրոսը չի հասկացել, ասեմ, որ քաղաքացիական ավիացիան հաճախ օգտագործվում է ռազմական նշանակության բեռան տեղափոխման համար։ Այդպիսի բացահայտված դեպքեր կան, օրինակ, 2017-ին, երբ բուլղարուհի լրագրող, ինձ մտերիմ Դիլյանա Գայտանջիևան պարզեց, թե ինչպես են ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերությունը քաղաքացիական օդանավերով Եվրոպայից զենք տանում Թուրքիա։ Այդ մասին, ի դեպ, Հ1-ում զրուցել ենք։ Հետևաբար լրիվ նորմալ է, որ Իրանը կարող էր արգելել ադրբեջանական քաղավիացիայի շարժը իր տարածքով, բայց ոչ պաշտոնապես, քանի որ դա արգելված է մի շարք միջազգային կոնվենցիաներով։
Պետրոս, ինձ հեգնելու Ձեր տողերից հրճվանք ապրող մի քանի հետևորդներին ու քաղաքագետներին բացատրեք, ինքներդ էլ իմացեք, որ լրագրող-մեկնաբանի համար անչափ կարևոր են կապերը, որոնց շնորհիվ էլ հնարավոր է լինում իմանալ ներքին խոհանոցի բազմաթիվ տեղեկություններ։ Չմանրամասնեմ, թե շաբաթվա մեջ քանի պաշտոնյայի, դիվանագետի և այլ անձանց հետ եմ հանդիպում, քննարկում տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական հարցեր։ Դա հասկանալու ու գիտակցելու կարողություն է պետք, չեմ պարտադրում։ Եթե Ձեզ այդպիսի տեղեկություններ հասանելի չեն դառնում, ապա դա լավ բանի մասին չի խոսում։
Ես հարգում եմ իմ մասնագիտությունը, նաև գործընկերների նկատմամբ էթիկական բարոյականությունը, իսկ ամենից շատ հարգում եմ իմ հայրենիքի նկատմամբ պարտքը, որը երբեք չի փոխվում աշխատատեղերի ու ստացած փողի քանակի փոփոխության հետ։ Ես շարունակելու եմ աշխատել նույն սկզբունքներով՝ անկախ իմ դեմ իջեցված պատվերի քանակից ու որակից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել