Համոզիչ ստելուց բացի, մյուս բանը, որ լավ է անում Փաշինյանական իշխանությունը, ասֆալտն է։
Հանրապետության գլխավոր ճանապարհների տարբեր հատվածներում, անխոս, մեծածավալ ասֆալտապատում է իրականացվում, որքան տեսնում եմ ոչ մասնագիտական աչքով, նաև որակով է արվում այդ աշխատանքը։
Դա երևացող գործ է, մարդիկ տեսնում են, ուրախանում են, գովում։ Եթե, օրինակ, կրթության ազգային որակի բարձրացման կամ նոր տեսակի զենքեր գնելու առումով աշխատանք արվի, մարդիկ անմիջականորեն չեն տեսնի, չեն զգա իրենց մաշկի վրա, հետևաբար դրանով քաղաքական իշխանությունները զբաղվելու անհրաժեշտություն չեն տեսնում։
Իսկ ասֆալտը հրաշքներ է գործում։ Ամբողջ աշխարհում 3-րդ կարգի երկրներում ընտրություններից առաջ ասֆալտապատումն ակտիվանում է, պոպուլիստական իշխանություններն էլ լավ են սերտել պոպուլիզմի նորագույն ժամանակների պապիկի դասերը՝ ասֆալտի թարմացումը միշտ պետք է լինի մարդկանց աչքի առաջ, նույնիսկ նախորդ տարվա ասֆալտի վրա նոր ասֆալտ արեք, որ մարդիկ հիանան ձեզնով։ Հոգ չէ, որ ճանապարհների նորոգման համար վարորդները ամեն տարի հարկեր են մուծում։
Պատահական չէ, որ Թուրքիայում Էրդողանի ամենասիրած գործն էլ ասֆալտապատումն է։ Հատկապես հակաէրդողանական տրամադրություններ ունեցող քաղաքներում մինչև 40 մետր լայնության ասֆալտ են անում անխիղճները։
Քաղաքականը մի կողմ, ճանապարհների բարեկարգումը լավ բան է, իրոք։ Լավ կլիներ, որ Հայաստանի միջքաղաքային ու բանուկ ճանապարհներից բացի, նույնպիսի հիմնավոր ասֆալտապատում լիներ նաև գյուղական ճանապարհներին։ Ի վերջո, իշխանությունների խայծը ամենահեշտ կուլ տվողը և սուտ քարոզչությունից ամենահաճախ խաբվող հատվածը գյուղացիներն են։ Գյուղերի ճանապարհներն էլ կարգի բերեք, մարդիկ իմանան, ինչի համար են խաբվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել