Խորհրդարանական ընդդիմությունը՝ ազգի գիտակից հատվածի կողմից իրենց տրված մանդատներով, ամեն գնով պետք է վիժեցնի սրանց ապապետական և ապազգային ծրագրերը:
Մեր պայքարը պետք է բազմավեկտոր լինի՝ ընդդեմ այս ապազգայինների:
Հայաստանի իշխանությունը օկուպացրած դրածոները այսօր բացահայտ հայտարարեցին արդեն, որ Տավուշում կան ադրբեջանական գյուղեր և այդ գյուղերը իրենք հանձնելու են ադրբեջանին։ Այս պատվերն էլ քողարկում են «փոխանակում» բառով, այնպես ինչպես Սյունիքի միջանցքի տրամադրումը ադրբեջանին՝ կոմունիկացիաների ապաշրջափակում ձևակերպումով: Սրանք կատարում են իրենց տերերի կողմից թելադրվող պահանջները, որոնց մոտիվացիան մեր պետականության կորուստն է։
Հասարակությունը թերևս վերացականորեն է ընկալում պետականության կորուստը, մինչդեռ ազգերի բնաջնջումն սկսվում է պետականության կորստից:
1915 թվականին հայերը ցեղասպանվեցին իրենց բնօրրանում, որովհետև Արևմտյան Հայաստանը անկախ պետություն չէր և օսմանցի վայրագը օգտվեց այդ իրողությունից, ցեղասպանեց այդ հողերի էթնիկ տերերին և զավթեց այն:
2020 թվականին Արցախում նույն վայրագը գլուխ բարձրացրեց և հասավ հաջողության, որովհետև այս խամաճիկները փաստացի հրաժարվեցին միջազգայնորեն Արցախը անկախ պետություն դարձնելու մեր քաղաքականությունից։
Հիմա արդեն, Հայաստանի Հանրապետությունն են դարձնում մանրադրամ, որին հաջորդելու է պետականության կորուստը և ժողովուրդն ունենալու է այն ճակատագիրը, ինչը ունեցան իրենց արցախցի, վանեցի, մշեցի, բիթլիսցի, արդահանցի նախնիները...
Պետականության կորուստից մինչև ցեղասպանություն կես քայլ է և ինչպես Նժդեհյան աքսիոման է փաստում.
«Դարերի անվերջ կռիվներով ու զոհերով պահված երկիրը թշնամու պղծանքին հանձնող սերունդը զրկվում է ապրելու իր բարոյական իրավունքից»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել