Մասնագիտական գործունեության շնորհիվ հաճախ եմ անհարմարություն պատճառում իշխանություններին։ Նրանց կազմակերպած ֆեյք հարձակումներին կամ պատվիրված վարկաբեկման աշխատանքին ուշադրություն չեմ դարձնում։ Իմ լուսահոգի բարեկամ, մեծ դիվանագետ Արման Նավասարդյանը այդպիսի դեպքերում ասում էր` նրանք միզում են քամուն հակառակ։
Մյուս կողմից լինում են ծանոթներ, ովքեր բարեկամաբար խորհուրդ են տալիս չտրվել ընդդիմադիր քաղաքական ուժերի հորդորներին` համարելով, որ իմ թևերի տակ ինչ-որ մարդիկ կամ ուժեր ձմերուկ են դնում։
Ստիպված եմ հրապարակային դիմել ոչ միայն այդպես մտածող մտերիմներին, այլև այն կառույցներին, որոնք լրագրողական գործունեության հետևում փորձում են մութ ուժեր տեսնել։
Ես մշտական կապի մեջ եմ ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ոչ միայն ընդդիմության մեջ, այլև հենց իշխանության։ Ես նաև պարբերաբար կապ եմ պահում այլ երկրների՝ այդ թվում հարևան կամ թշնամի պետությունների պաշտոնյաների ու լրագրողների հետ։ Դա իմ մասնագիտական առանձնահատկությունն է, և եթե լրագրողը շփվում է միայն իրեն հաճելի մարդկանց հետ, ապա առնվազն լրագրող չի։
Միևնույն ժամանակ, ես անզեն աչքով տեսնում եմ այն նպատակները, որոնք իմ միոջոցով փորձում են իրականացնել մի շարք քաղաքական ուժեր, իշխանական խունտան կամ կիսագրագետ գործիքներ։ Եթե նույնիսկ նման մարդկանց դեմքին չեմ ասում, չի նշանակում, որ չեմ հասկանում` ով է իսկապես իմ կողքին կանգնած, իսկ ով ուզում է իմ ձեռքով կրակից շագանակներ հանել։ Մի մոռացեք, որ ավելի քան 15 տարի այս դաշտում եմ և լավ գիտեմ յուրաքանչյուրի կենսագրությունը և բարոյական նկարագիրը։
Այսպիսով, սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ անկեղծ աջակցության առաջարկների համար, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր տեղեկություններ են տալիս` փորձելով ինձ դարձնել հրթիռի մարտագլխիկ և այդպիսով միավորներ հավաքել։ Հաշվի առեք, որ ամեն տեղեկություն ստանալիս մի քանի անգամ ստուգում, նոր միայն հրապարակում եմ, հետևաբար դա էլ չի անցնի։
Իշխանությանը կոչ եմ անում տարբերակներ չփնտրել՝ ինձ կապելու որևէ ընդդիմադիր ուժի հետ։ Ես բոլորի առաջին դեմքերի հետ էլ շփվում եմ, այդ թվում` իշխանության մաս կազմող քիչ թվով, բայց ուղեղ և հայրենիք ունեցող մարդկանց հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել