Ամենայն հավանականությամբ` Էրդողանը Հյուսիսային Կիպրոսում առավել արմատական հայտարարություն էր պատրաստվում անել քան այն` ինչ արեց։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ հավանաբար Արևմուտքը` մասնավորապես ԱՄՆ և ԵՄ-ն ճնշում են բանեցրել առանց այդ էլ խարխլվող կիպրական ստատուս քվոյում նոր ցնցումներ չմտցնելու համար, և վերջին պահին Էրդողանը ստիպված փոխել է իր հայտարարությունների բնույթը։
Չնայած դրան` լարվածության նոր ալիք այնուամենայնիվ բարձրացել է։ Այլևս հստակորեն Թուրքիայի կողմից խախտված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, իսկ Կիպրոսի խնդրում Թուրքիան այլևս անդառնալիության գիծն անցնում է` Արևմուտքի հետ հակասությունների առումով։
Այս հանգամանքները հաշվի առնելով` հայկական շահերից է բխում Էրդողանի` Թուրքիայում երկար իշխանության մնալը։ Որքան երկար նա պաշտոնավարի` այնքան ավելի կվատանան Արևմուտքի հետ նրա հարաբերությունները և այնքան ավելի լայն տարածում կստանա Թուրքիայում էրդողանիզմը։
Հայաստանի համար Թուրքիան մշտապես մնալու է թշնամի երկիր։ Անկախ նրանից` Հայաստանում թուրքական գործակալներն են իշխում թե ոչ, քիրվայամոլներն են ուղեղներ լվանում թե ոչ։
Էրդողանի հեռացման պարագայում Արևմուտքը կարող է փորձել հաջորդ առաջնորդի հետ լեզու գտնել և փոխել Թուրքիայի ուղեգիծը, որ հայկական շահերի տեսանկյունից ձեռնտու չի լինի։ Կրկին` որովհետև Թուրքիայի կողմից` թշնամությունն այդ` հավերժական է և որևէ առաջնորդի փոփոխություն որևէ էական բան հայկական հարցում երբևէ չի փոխի։ Փոխարենը նոր առաջնորդն իր հերթին կարող է զիջումներ անել Արևմուտքին, որի արդյունքում Թուրքիայի դերը կրկին կսկի բարձրանալ։
Այս առումով Էրդողանն այլևս ամենաձեռնտու առաջնորդն է Հայաստանի համար` ռազմավարական լայն տեսնանկյունից դիտելիս։ Եվ որքան երկար նա մնա իշխանույթան` այնքան ավելի ու ավելի կամրանա Արևմուտքի ցանկությունը` տրոհելու և թուլացնելու Թուրքիան։ Զուգահեռաբար` առավել կկարևորվի Հայաստանի վերջին փոքրիկ ծվեններն անձեռնմխելի պահելու Արևմուտքի ցանկությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել