Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կովիդի վարակման ռիսկերը շարունակում են բարձր մնալ, չպատվաստված մարդիկ ոչ միայն վտանգում են սեփական կյանքը, այլև դառնում վտանգավոր այլոց համար։
Ես պատվաստվել եմ և խորհուրդ եմ տալիս բոլորին։
Հիվանդացության դեպքերն ավելացնում են նաև կորոնավիրուսի մուտացիան, ինչն առաջացնում է լրացուցիչ ռիսկեր ու բարդություններ։ Իհարկե, վիրուսի փոփոխությունները կարող են հանգեցնել դրա ազդեցության թուլացմանը, բայց վիրուսը նաև փոփոխվում է՝ ենթարկվելով առավել վտանգավոր մուտացիաների։
Ամեն անգամ վիրուսի փոփոխությունը ստեղծում է տարբեր պլատֆորմ վիրուսի մուտացիայի համար։ Որքան շատ է վիրուսը տարածվում, այնքան շատ է այն փոփոխվում։ Վիրուսը, որը չի տարածվում չի կարող մուտացիայի ենթարկվել։
Հայաստանում պատվաստվել է մոտ 80.000 մարդ, որի միայն 10% է, որ ստացել է ամբողջական պատվաստումը երկրորդ ներարկումով։
Պատվաստվողների մեծ մասն օտարերկրացիներ են։ Ըստ էության, անգամ այս թվերը շատ քիչ են, որոնք ներկայացվում են մանիպուլատիվ։ Նման տեմպերի պահպանմամբ կարելի է ասել, որ պատվաստման միջոցով իմունային շերտ ստանալը մեր երկրում դառնում է անիրատեսական։
Զարգացող երկրների ամենացածր ցուցանիշը բնակչության մոտ 10%-ի ամբողջական պատվաստումն է։ Չեմ խոսում այն երկրների մասին, որնք հատել են բնակչության թվի 50%-ի շեմը։
Մեր պարագայում այս թիվը տասնյակ անգամ նվազ է։
Ամեն օր բուժհաստատություններում սպառվում են ՀՀ քաղաքացիներին խիստ անհրաժեշտ և աշնանային ռիսկերը զսպող պատվաստանյութերն այլ երկրներից ժամանած անձանց վրա։
Այս ամենի պատճառն այն է, որ Հայաստանի բնակչությունը չի հավատում իշխանություններին։ Այնքան սուտ ու կեղծիք է ասվել կորոնավիրուսի մասին, որ մեր բնակչությունը պատվաստման մասով ևս թերահավատ է պատասխանատուների հանդեպ։ Իսկ պատվաստվող օտարերկրացիների մեծ թիվը լրացուցիչ հիմնավորում է, թե ինչպես են այլ երկրների կառավարություններ հաջողել սեփական բնակչությանը ճիշտ և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել