Որպէս այս ազգի զաւակը, կեանքիս բոլոր տարիները ապրեցի յուսալով եւ աղօթելով որ մեր դժբախտ պատմութեան էջերը վերջապէս յոյս ու լոյս կը ստանայ։ Թէ վերջապէս Հայը եւս կը կարողանայ վերագտնել իր արժանապատիւ տեղը ազգերի մէջ որպէս իր իրաւունքը իր ձեռքով ու բազկի ուժով ստացող ժողովուրդ։ 150 տարիներ առաջ Մկրտիչ Խրիմեան ամենայն հայոց կաթողիկոսը մեզ տուեց ու յայտնեց երկաթէ շերեփի մասին։
Երեսուն տարիներ, որպէս հայ ազգային անհատ, որպէս հայ հոգեւորական ապրեցի ու ծառայեցի այն յոյսով ու հաւատքով որ վերջին 700 տարիների ընթացքում վերջապէս Հայը կարող էր իր հողի մի մասնիկը ազատագրել ու ապրել որպէս արժանապատիւ ժողովուրդ։
Ափսոս... որ սխալուեցինք ու ձախողեցինք։ Չիմացայ որ մեր մենք ի վերջոյ յաղթանակող ազգ չենք ու չենք փափաքում տիրանալ մեր հայրենիքին այլ դիւրահաւատ, միամիտ ու հայրենածախ ենք։ Ափսոս... որ մեր թշնամիները մեզ դարերով ստրկացրել են մի պատառ հացի դիմաց, ու մի աման ապուրի համար, հանելով հայը հային դէմ, որպէսզի մեզ դիւրաւ պատառ-պատառ անեն..։
Ու ափսոս... որ այսօր ի յանդիման գտնուեցինք ահաւոր ու դաժան պատկերի դիմաց...։ Ի յայտ եկաւ որ Հայաստանում առաւել քան մէկ միլիոն ու աւելի մարդոց հոգն անգամ չէ թէ ով կը լինի իր երկրի առաջնորդը։ Ամբողջ աշխարհի 8 կամ 9 միլիոն հայութեան կամքին հակառակ, իշխանութեան գլուխ բերուեց դաւաճանը,Ալիեւի դաշնակիցը, որպէսզի լրացնի թուրք զոյգ պետութիւնների երազանքը եւ հետզհետէ վերանայ Հայոց պետականութիւնը..։
Վայ քեզ Հայաստան ու հայութիւն որ ընտրեցիր քո փողն ու փորը, սին խոստումներն ու ամբոխավար ելոյթները քո հայրենիքի հողը պաշտպանելու փոխարէն..։ Ահա ադրբեջանցիները պիտի գերեն ձեր զինուորներին ու գիւղացիներին։ Նրանք պիտի ստրկացնեն ձեզ ու գերութեամբ վաճառեն ձեզ ամէն հողի ու ճանապարհի դիմաց...։ Նրանք նոյնիսկ չէին կարող պատկերացնել որ վերջին պատերազմից յետոյ հայը այսքան ստրկամիտ, նուաստացող ու անհայրենիք կարող է լինել....։
Չկասկածէ՛ք, գալիք բոլոր սերունդները ձեզ լիաբերան ու պժգանքով անիծելու են, յաւիտեանս յաւիտենից ձեր երկիրը վաճառելու համար...։ Եթէ մի մարդ ստորագրեց երկրի անձնատւութիւնը եւ Արցախը թողեց թուրքերին, դուք ամբողջ 685 հազարով դաւաճան ընտրողներդ, ինչպէս նաեւ մի միլիոնից աւելի անտարբերներդ ստորագրեցիք ձեր երկրի կորուստը որ կարող է ի կատար ածուի մուրճի, ապագայի խոստումների, եւ ձեր անմարդկային անտարբերութեամբ ձեր փորի համար, ձեր երեխաների արիւնի ու կեանքի վաճառման համար...։
Կա՞յ երկրագունդի վրայ մի ժողովուրդ որ կարող է իր երկիրը վաճառել «լաւ ապրելու» ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ (եւ ոչ թէ իրականութեան) դիմաց....։ Մինչեւ օրս չէի հաւատում, բայց ի յայտ եկաւ որ կայ այդ նուաստ, դժբախտ ու դժգոյն ժողովուրդը...։
--------------------------------------------
Մեր Տէրը Յիսուս Քրիստոս խաչ երթալուց առաջ իր աշակերտներին հետ գնաց Գեթսեմանիի պարտէզը, ուր իր աշակերտներին պատուիրեց որ ԱՐԹՈՒՆ ՄՆԱՆ, ու աղօթեն որ ՓՈՐՁՈՒԹԵԱՆ ՄԷՋ չընկնեն... ու մեր ժողովուրդին այսքան արթուն պահել փորձելուց յետոյ, միայն մի բան կարող եմ ասել... «Քնացէք այսուհետեւ ու «ՀԱՆԳՉԵՑԷՔ» որովհետեւ ահա հասաւ խաւարի պահը, եւ ձեր ԵՐԿԻՐԸ պիտի մատնուի մահուան ՁԵՐ ԻՍԿ ՁԵՌՔՈՎ ու ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹԵԱՄԲ.. ու հասաւ պահը չարի ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ որպէսզի կատարուի ՉԱՐԻ կամքը...»
Մօտենում է ձեր «Յուդան» եւ նրա հետ իր ամբոխը որպէսզի ձեր երկիրը համբուրի իր մատնութեամբ, եւ նրան մատնի ազերի ամբոխին որպէսզի խաչեն զինք..։ Այն ժամանակ վախենամ ուշ լինի թէ ուշքի գաք եւ բացուեն ձեր աչքերը...։
Չկարծէք որ յուսահատութեան եմ մղում անձս, կամ ձեզ.. քաւ լիցի... ։ Յոյսը միշտ կայ ու դա չի մարուի, պարզապէս այսուհետեւ երկար ժամանակ կը պահեմ իմ լռութիւնը եւ ասելիք ՉՈՒՆԵՄ, որովհետեւ իմաստ չեմ գտնում որեւէ բան ասելու.. բացի հետեւեալից...
Ողբամ քեզ Հայաստան, որովհետեւ քո թշնամին քեզ հանդէպ այսքան անտարբեր, այսքան անձնասէր, այսքան ծախուած ժողովրդիդ մի մասն է...։
ՔԱՅԼԵՐԻՑ ԳԱՅԼԵՐ ընտրող ժողովուրդ, «շնորհաւորում եմ» ձեզ ձեր անհայրենիք մտածողութեան, ստամոքսի համար Արցախ աշխարհն ու Հայաստանի սահմանները, գիւղեր ու քաղաքներ, եկեղեցիներ ու վանքեր, սրբութիւն եւ պատմութիւն ծախած լինելու համար... Վայելէք ձեր «վարչապետը», որովհետեւ նա իմ վարչապետը չէ՛, չէ՛ր ու պիտի չլինի ԵՐԲԷՔ...։ Լսո՞ւմ էք.. ԵՐԲԷ՛Ք....։ Որպէս սփիւռքահայ ես նրան մեր ազգից չեմ համարում, ոչ նաեւ ձեզ, զինք ընտրողներիդ... Ոչ նրա գործակիցներին եւ ոչ նրա հայրենիք ծախող ամբողջական ոհմակին որոնք պիտի լաւ զուարճանան ձեր որդիների արեան ու ձեր 5 տարիների միամտութեան վրայ, գառան մորթով գայլեր ընտրող ժողովուրդ...։
Թող իմանայ ամէն բռնատէր իր ինքնավստահ ու չափազանց գոռոզ մուրճի ու պողպատի բռնատիրութեան մասին արտայայտւելուց։ Կարեւոր չէ թէ որքան զանգուածի հետեւորդ քեզ ձայն է տուել... եթէ պողպատով փորձես տիրել ու տրորել, իմացիր որ դրա հուժկու եւ կտրուկ պատասխանը եւս ունի այն գիտակից ու հայրենասէր ժողովուրդը, որի յաղթանակը ամէն գնով խլեցիր ու գողացար., ինչպէս 30տարիների յաղթանակը , այդ զինուորների սերնդի արիւնը եւ նաեւ ամէն ընտրութիւն...։ Իմացիր որ ամէն պողպատ, իր դէմ կապարը պատասխան ունի, եւ ամէն դաւաճանի դէմ կայ ու գոյութիւն ունի հայրենասէրը ու հայրենիքը ամէն գրպանից ու ստամոքսից վեր դասող նեմեսիսաւորները, որոնց լաւագոյն եղբայրները, քո կողմից արեամբ դաւաճանուած ներկայացուցիչները ննջում են Եռաբլուրում եւ հայրենի ամէն գերեզմանատներում....։
Խաղաղութիւն քեզ հայրենի ժողովրդի անհայրենիք մասնիկ..., աղօթում եմ որ մի օր ուշ չեղած, Աստուած բացի ձեր աչքերը..., զգաք ձեզ, ճանաչէք զձեզ ու իմանաք թէ Հայրենիք ինչ է նշանակում...։ Մի բան՝ որի մէջ ձեզ գերազանցեցին թուրքերն ու ադրբեջանցիները...։
----------------------------------------------
Այսուհետ ասելիք չունեմ գիտակից ու նուիրեալ սրտցաւ ժողովուրդ, ներող եղէք ինձ որ որպէս հոգեւորական մտածում եմ ու էի Հայրենիքիս մասին։Իսկ ցաւս ահաւոր մեծ է ու անդառնալի։ Իսկ ձեր մէջ եղած գրպանամոլ, ստամոքսասէր ու հայրենիք չունեցող զանգուածն է որ ընտրում է ձեր առաջնորդներին...։
Ներող եղէք ինձ որ այսուհետ բերանս փակելու եմ, երբ դուք կը վայելէք այն դժոխային իրականութիւնը, կամ աւելի ճիշդը ադրբեջանական ԱՊԱԳԱՆ, որն փափաքեցիք ունենալ ձեր քուէներով...։
Քնացէք այսուհետեւ ու հանգչեցէք... որովհետեւ հասաւ ժամը որ խաչը հանուի ձեր երկիրը ՁԵՐ ՁԵՌՔԵՐՈՎ...։
Տ. Սերոբ քահանայ
Ներիր մեր ժողովրդին Տէր Աստուած մեր, Հայր մեր..... որովհետեւ չիմացան, ու մինչեւ հիմա չեն իմանում թէ ինչ են անում...։
May be art
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել