168.am-ը գրում է.

Արտասահմանյան և ռուսական առաջատար լրատվամիջոցները ոչ միայն անդրադառնում են Հայաստանում այսօր անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այլև նախապես անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները տեղադրում:

Ուշագրավն այն է, որ ըստ էության բոլորն արձանագրում են, որ պատերազմն է դարձել այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառը, ինչպես նաև նշում են, որ սա պայքար է երկու ուժի՝ իշխող Նիկոլ Փաշինյանի կուսակցության և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի միջև:

Հարկ է նշել, որ գրեթե բոլոր հրապարակումներում մեջբերվում են Gallup International-ի սոցհարցումների արդյունքները, որոնցով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի առավելություն:

Գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայության հրապարակած «Հայաստանի բարդ ընտրությունը՝ կպահի՞ արդյոք Փաշինյանն իշխանությունը» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ Հայաստանում նման թեժ նախընտրական պայքար երևի թե դեռ չէր եղել:

«Գլխավոր ինտրիգը՝ հաջողվե՞լ է արդյոք Փաշինյանին պահպանել վստահություն հասարակության շրջանում, թե՞ հուսահատ ընտրողները երես են թեքել նրանից: Բոլոր թեկնածուներից իրականում անցնում է 2 դաշինք՝ ՀՀ երկրորդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքն ու գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի»: Ակնհայտ ֆավորիտ չկա: Հայաստանի ընտրությունները՝ կարծես հայրենիքի փրկության հատուկ գործողություն»,- նման կարծիք է հայտնում հոդվածագիրը:

Հեղինակավոր BBC-ն ևս առավելապես տեղեկատվական հոդված է պատրաստել իր ընթերցողների համար հայաստանյան ընտրությունների մասին՝ զուգահեռաբար ընդհանրացված նշելով, թե ինչ են կարծում այս ընտրության մասին մասնագետները: «Փորձագետները կարծում են, որ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» գլխավոր խնդիրն այս ընտրություններում էլիտաների աջակցության կորուստը կարող է դառնալ, այդ թվում՝ պետապարատում պատերազմից հետո, որի հետևանքով Ադրբեջանը վերահսկողություն սահմանեց Լեռնային Ղարաբաղի մի մասի նկատմամբ: Գործող վարչապետի կողմնակիցները BBC-ին ասել են, որ կուսակցությունը խաղադրույք է կատարում մարզային բնակչության վրա: Նախկին նախագահ Քոչարյանը լայնորեն դիտարկվում է՝ որպես Փաշինյանի դեմ տրամադրված էլիտայի ոչ ֆորմալ առաջնորդ. նրա դեմ հարուցված քրեական գործերը Փաշինյանի իշխանության գալուց հետո և վարչապետի անընդհատ քննադատությունները նախկին նախագահին դարձրին գլխավոր ընդդիմադիր գործիչ»,- պնդում է լրատվամիջոցը:

«Հայաստանը քվեարկում է պատերազմում կրած պարտությամբ հրահրված ընտրություններում» վերտառությամբ հոդված է պատրաստել Associated press միջազգային գործակալությունը, սկզբում ներկայացնելով այս ընտրությունների նախապատմությունը:

«Վերջին մեդիա հրապարակումները, հարցումներն են, որոնք ցույց են տալիս Փաշինյանի կուսակցությանն ու Քոչարյանի դաշինքին սերտ մրցավազքում, և անհասկանալի է, թե որևէ մեկը կկարողանա՞ նվաճել խորհրդարանի տեղերի 54%-ը, որոնք անհրաժեշտ են կառավարություն ձևավորելու համար: Կիրակի օրը քվեարկելուց հետո Քոչարյանն իշխանություններին կոչ արեց հետաքննել իրեն դատապարտող թռուցիկների հայտնվելը, ինչը ընտրությունների օրը քարոզչությունն արգելող օրենքի ակնհայտ խախտում է»,- նշում է AP-ն:

Reuters գործակալությունը՝ «Հայաստանը քվեարկում է հավասար մրցապայքարով խորհրդարանական ընտրություններում» վերտառությամբ հոդվածում ևս շեշտը դրված է Քոչարյանի և Փաշինյանի միջև պայքարի վրա: Այս գործակալությունը մեջբերել է նաև Gallup International-ի վերջին հարցման արդյունքները:

Բացի արևմտյան մեդիա հանրության անդրադարձերից, հայաստանյան ընտրությունները շատ ակտիվորեն լուսաբանել են այս ընթացքում ռուսական ԶԼՄ-ները, ինչպես նաև փորձագետները, այդ թվում՝ ամեն բան լուսաբանելով տեղում, աշխատելով ՀՀ-ում:

Ըստ ռուսական մեդիատիրույթում գերակշռող կարծիքների, հայաստանյան ընտրությունները լարված են, մրցավազքի ֆավորիտները կոշտ քարոզչություն են իրականացնում: Անդրադարձերը չեզոք են կամ ի օգուտ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի:

ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության սոցիոլոգիական ծառայության անցկացրած հեռախոսային հարցման արդյունքներով, ընտրողների շրջանում առաջատարը երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված «Հայաստան» դաշինքն է՝ 32%-ը պատրաստ է քվեարկել նրա օգտին, իսկ հարցվածների 24%-ը՝ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Վերոնշյալ հարցման արդյունքների համաձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրել է 4%, «Պատիվ ունեմ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2-ական տոկոս, հարցվածների 10%-ը հայտարարել է, որ չի գնա ընտրությունների, իսկ հարցվածների 10%-ը դժվարացել է պատասխանել իրենց նախընտրությունների մասին հարցին: Հարցվածների մնացած 16%-ը առաջարկել է քվեարկելու իրենց տարբերակը:

Այս արդյունքները տարածել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր տելեգրամյան էջում, նշելով. ««Լավ տոնի նշան է Հայաստանում հավատալ սոցհարցումներին, որտեղ այսօր քաղաքացիներն ընտրելու են Քոչարյանի և Փաշինյանի միջև։ Ասում են, որ սոցհարցումները ամեն բան խեղաթյուրել են թեկնածուներից մեկի կամ մյուսի օգտին։ Իսկ մենք ոչ մեկին չենք հավատում։ Անցկացրել ենք դրա համար մեր սոցհարցումը՝ «ՌԻԱ Նովոստիի» սոցհարցումների մոսկովյան հետազոտությունների կենտրոնի միջոցով։ Հետևյալ հարաբերակցությունն է ուժերի՝ Քոչարյան՝ 32 տոկոս, Փաշինյան՝ 24 տոկոս։ Վախենամ, կռվից հնարավոր չլինի խուսափել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել