Քանի որ համացանցում այսօր ամենաքննարկվողներից է ՞Երևան պուպուշ, Թբիլիսի՝ քըխ՞ թեման, մի քանի դիտարկում Վրաստանի մասին: Ինչ խոսք, ժողովրդավարական ազատությունների և տնտեսության աճի դինամիկայի առումով Վրաստանը տարածաշրջանում ակնհայտ առաջատար է, ինչ խոսք, կոռուպցիայի մեջ թաթախված վրացական տնտեսությունը բավականին կարճ ժամանակում բավականաչափ բեռնաթափվեց այդ ախտից, և ակնհայտ զարգացումը գոնե ինձ՝ հայ-վրացական սահմանին մոտ ապրողիս համար ակնհայտ է: Իսկապես մեծ հանցանք չէ համեմատություններ անելիս երբեմն եզրահանգումներ անել ի օգուտ վրացական պետության: Ավելին ասեմ, երբ ես Ռուսաստանից մտնում եմ Վրաստան՝ ակնհայտորեն ինձ առավել քաղաքակիրթ և կազմակերպված պետության մեջ եմ զգում: Սակայն անհիմն չեն նաև այն պնդումները, որ խորհրդարանական ընտրություններում ՞Վրացական երազանք՞ շարժման հաղթանակից հետո Վրաստանը հետընթաց է ապրել: Այսօր գտնվում էի Թբիլիսիում և նախկին իսկապես օրինապաշտ երկիրը, կարծես թե, սկսել է անիշխանության վերածվել: Երթևեկությունը գրեթե նախքան Սահակաշվիլիի իշխանության տարիների խառը և անկանոն խառնամբոխի հոսքը լիներ, իսկ չար լեզուները պնդում էին, որ վրացի ոստիկանները և պետավտոտեսուչները սկսել են կաշառք վերցնել:

Քանի որ մեր տնտեսությունը չափազանց շատ է ինտեգրված վրացականին, շատ կուզենայի, որ լուրը իրականությանը չհամապատասխաներ, բայց այն, ինչ այսօր տեսա Վրաստանում, լավատեսության հույսեր չեն տալիս: Բայց ամենավատթարագույնը, որ նկատեցի, այն էր, որ ազգաբնակչությունը, ընդհանուր առմամբ, դժգոհ չէր սպասվելիք բարդակից: Հուսանք, որ վրացական երազանքը այն ուղով չի անցնում, որի միտումները նկատվում են հարևան երկրում: Վրաստանը այն նախադեպն էր, որի ալիքի տակ մեր երկրում որոշակի բարեփոխումներ իրականացվեցին: Ամենադաժան երևույթը, որ կարող է լինել, ժողովրդավարական հեղափոխության արդյունքների կորուստն է ժողովրդավարական ընտրությունների արդյունքում: Միլիարդատիրոջ քմահաճույքի գինը երկրում ժողովրդավարության հետընթացը չպետք է լիներ: Հուսանք, որ վրացական կառավարությունը, Սահակաշվիլիի դեմ ՞աբիժնիկությունից՞ զատ, գործուն քայլերի է ընդունակ... 

Քանի դեռ հեղափոխությունը չի խժռել իր զավակներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել