Համացանցում լուրեր են շրջանառվում, որ երգչուհի, պարուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի ու դերասան, ռեժիսոր Բեն Աֆլեքի սիրավեպն ավելի վաղ է սկսվել, քան նրանց առաջին անգամ նկատել են միասին, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ ենթադրաբար զույգը հանդիպում է ապրիլի կեսերից, իսկ Լոպեսն ու նախկին փեսացու Ալեքս Ռոդրիգեսն իրենց բաժանման մասին հայտնել են ապրիլի 15-ին։

PageSix-ը նշել է, որ աղբյուրներից մեկի պնդմամբ՝ Ջենիֆեր Լոպեսը ցանկացել է Աֆլեքի հետ 17 տարի անց վերամիավորման մասին հայտնել ինստագրամյան էջում՝ մինչ առաջին լուսանկարների՝ համացանցում հայտնվելը։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ «Բենիֆեր»-ի վերամիավորման մասին լուրերից հետո ո՛չ Լոպեսը, ո՛չ էլ Աֆլեքը չեն արձագանքել իրենց հարաբերությունների մասին լուրերին։
Աղբյուրներից մեկն ասել է, որ զույգը տարբեր քաղաքներում ապրելով չի դժվարանում պահել հարաբերությունները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, զույգը կապի մեջ է եղել դեռևս այն ժամանակ, երբ Ջենիֆեր Լոպեսը Դոմինիկյան Հանրապետությունում նկարահանվել է The Shotgun Wedding ֆիլմում։ Այդ ընթացքում Բեն Աֆլեքը երգչուհու հետ նամակագրական կապի մեջ է եղել, որի ընթացքում Աֆլեքը Լոպեսի կողքին լինելու ցանկություն է հայտնել։

Նշենք, որ զույգի՝ հաճախակի դարձած հանդիպումների մասին ԶԼՄ-ները գրում են արդեն մի քանի շաբաթ։ Աղբյուրը հավելել է նաև, որ Ջենիֆեր Լոպեսը շատ երջանիկ է, քանի որ նա այլևս չէր կարողանում վստահել Ալեքս Ռոդրիգեսին և բավական երկար ժամանակ նրանք փորձում էին վերականգնել իրենց հարաբերությունները։

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել