Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի առանձին-առանձին մասնակցությունը ընտրություններին արդյունավետ քաղաքական քայլ է, որն ունենալու է ավելի մեծ էֆեկտ, քանի միասնական մասնակցությունը։ Երկու թիմերն էլ աշխատում են զուգահեռ, առանց իրար հանդեպ մեղադրանքների եւ հարձակումների։
Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց ապականել այս իդիլիան եւ երկապառակություն սերմանել նրանց ուղղված կոշտ ակնարկներով, անգամ՝ ուղիղ մեղադրանքներով։ Մեղմ հականիկոլականության դիրքերից հանդես գալով, նա ըստ էության, առաջ է տանում Նիկոլի խաղը, փորձելով երկու ընդիմադիրներին տարբեր օրակագեր վերագրել, հակադրել այդ օրակարգերը, իսկ նրանց ընտրազանգվածների միջեւ հակասությունների սերմանել ու կռիվ գցել։
Լեւոն Տեր Պետրոսյանը ճիշտ է․ կհաղթի կամ Քոչարյանը, կամ Նիկոլը, այսինքն՝ ինքը հաղթելու ակնկալիքով չէ, որ մասնակցում է ընտրություններին։ Ավելին, առկա ընտրական լանդշաֆտում ՀԱԿ-ը խորհրդարանում ներկայության պատնեշը հաղթահարելու շանսեր էլ չունի եւ նրա մասնակցությունն ընտրություններին լրիվ ուրիշ նպատակներ է հետապնդում։ Թաքնվելով մեղմ հականիկոլականության քողով, ըստ էության, ընտրական դաշտում նա կամա թե ակամա փորձում է նպաստել Նիկոլի վերարտադրությանը։ Եւ նաեւ բնական է հարց է առաջանում, թե ինչպես ՀԱԿ-ին հաջողվեց հայթհայթել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ հսկայական ֆինանսական միջոցները, որոնց բացակայության պատճառով վերջին շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը ձեռնպահ էր մնում ընտրական պրոցեսին մասնակցելուց։ Այս հարցի պատասխանը, թերեւս, միայն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլը գիտեն։
Ճիշտ է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկումը, որ այս ընտրությունները վտանգավոր են նրանով, որ երկուսից որեւէ մեկի հաղթանակի պարագայում էլ ներքաղաքական հակամարտությունը ավելի է սաստկանալու, քանի որ սա անտիռեյտինգների ընտրություն է, ատելության մրցակցություն։ Եւ ինքը սահուն մտնում է նախընտրական քարոզչության այս դիսկուրսի մեջ, իր լուման ներդնելով ատելության բորբոքման գործում։
Ու սա միայն սկիզբն է, քարոզչական թեզերի նախնական տյունինգը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել