Արդեն այս տարի կառուցվող Իգդիր-Կարս-Նախիջևան երկաթուղին կմիանա 2017 թ.-ին շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն: Ձևավորվող միջանցքը նպաստելու է թուրք-ադրբեջանական ռազմավարական մերձեցմանը՝ ուղղված ոչ այնքան առևտրատնտեսական, որքան ռազմական համագործակցության խորացմանը: Հեռահար նպատակը Նախիջևանում թուրքական ռազմական բազայի ստեղծումն է, որն ապահովելու է Անկարայի աշխարհաքաղաքական առաջխաղացումը Մերձավոր Արևելքում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է կիրառվել Իրանի դեմ: Ու այս համատեքստում առավել քան տրամաբանական է տարածաշրջանային նոր ճարտարապետության ձևավորման գործընթացում Իսրայելի ակտիվացումը:
Բաքվում ու Անկարայում մեծ գոհունակությամբ հայտարարում են, որ Բաքու-Թբիլիսի-Կարս ու Իգդիր-Նախիջևան երկաթուղիների միացումը ու հարավով մինչև Բաքու շարունակելը հնարավոր է դառնում բացառապես նոյեմբերի 10-ի եռակողմ հայտատրարության արդյունքում, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանն այլևս հանդես է գալիս որպես թուրք-ադրբեջանական մերձեցման համար անհրաժեշտ ռեսուրս, այլ ոչ թե սեփական շահը հետապնդող սուբյեկտ: Կարս-Գյումրի, ինչպես նաև Իջևան-Ղազախ երկաթուղիների բացման հարցի օրակարգից դուրս գտնվելը դրա վառ ապացույցներից է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել